«Վրացական երազանքը» սկսում է նախագահի իմփիչմենթի գործընթացը

«Վրացական երազանքը» սկսում է նախագահի իմփիչմենթի գործընթացը

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին կայացած ճեպազրույցում, խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարեց, որ «Վրացական երազանքը» անհաջող փորձից հետո կրկին սկսելու է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմփիչմենթի գործընթացը։ Նրա խոսքով, պատճառը, նախագահի արտասահմանյան այցերն են, որոնք տեղի են ունեցել առանց «Վրացական երազանքի» կառավարության համաձայնության։

«Ինչպես գիտեք, 2023 թվականի հոկտեմբերի 16-ին Վրաստանի Սահմանադրական դատարանը իմպիչմենտի ընթացակարգի շրջանակներում Սալոմե Զուրաբիշվիլիին ճանաչել է Սահմանադրությունը խախտող և հաստատել Վրաստանի Սահմանադրության 52-րդ հոդվածով սահմանված կանոնը, որ նախագահն իրավունք ունի արտասահմանյան այց կատարել միայն Վրաստանի կառավարության համաձայնությամբ։ Կհիշեք անև, որ սահմանադրության խախտման փաստը հաստատելուց հետո Սալոմե Զուրաբիշվիլին նախագահի պաշտոնը պահպանեց միայն արմատական ընդդիմությունը ներկայացնող խորհրդարանականների աջակցության հաշվին»,- ասել է Պապուաշվիլին։

Նրա խոսքով՝ նախագահի իմպիչմենտը որոշվել է այն պատճառով, որ նա առանց կառավարության թույլտվության հանդիպել է եվրոպական երկրների առաջին դեմքերին։

«Սահմանադրության խախտման հարցում արմատական ընդդիմությունից անձեռնմխելիության երաշխիք ստանալով՝ Սալոմե Զուրաբիշվիլին ավելի ուշ շարունակեց խախտել Վրաստանի սահմանադրությունը։
Մասնավորապես, նույնիսկ իմփիչմենթի ընթացակարգի ավարտից հետո նա մի քանի արտասահմանյան այցեր է կատարել առանց Վրաստանի կառավարության համաձայնության, այդ թվում՝ անցյալ շաբաթ այցելել է Ֆրանսիա, Գերմանիա, Լեհաստան և Բելգիա… Ուստի խորհրդարանական մեծամասնությունը որոշում է կայացրել վերսկսել իմփիչմենթի ընթացակարգը և պատրաստել սահմանադրական նոր դիմում, որը կներկայացվի Վրաստանի Սահմանադրական դատարան մինչև խորհրդարանական ընտրությունները։

Վրաստանի Սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրության խախտման հաստատումից հետո նոր գումարման խորհրդարանը Սալոմե Զուրաբիշվիլիին պաշտոնանկ է անելու իմպիչմենտի միջոցով՝ առնվազն 100 ձայնով առաջին իսկ նիստերում։ Ինչպես գիտեք, Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնավարման ժամկետը լրանում է այս տարի։ Ըստ այդմ, նրան իմփիչմենթ անելով՝ պաշտոնավարման ժամկետը պետք է կրճատվի առավելագույնը մեկ ամսով։ Ուստի իմպիչմենտի միջոցով նրա պաշտոնանկությունը, պաշտոնավարման ժամկետի առումով, մեծ մասամբ խորհրդանշական նշանակություն ունի, թեև այս որոշման իրավաքաղաքական իմաստը շատ սկզբունքային է…»,- ասում է Շալվա Պապուաշվիլին։

Ի գիտություն, «Վրացական երազանքը» նախագահին իմփիչմենթի ենթարկելու որոշում էր կայացրել նաեւ անցյալ տարի, սակայն չկարողացավ հավաքել նրա հեռացման համար անհրաժեշտ 100 ձայնը, եւ գործընթացը ձախողվեց։

sknews.ge