Պատերազմից ծնված գիրքը ծառայում է բարեգործությանը․ Աղավնի Ծառուկյան

Պատերազմից ծնված գիրքը ծառայում է բարեգործությանը․ Աղավնի Ծառուկյան

44-օրյա պատերազմը, որը սկսվեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, հայ ժողովրդի պատմության մեջ խորը հետք թողած իրադարձություններից է: Այն ոչ միայն ռազմական բախում էր, այլ նաև ազգային ինքնագիտակցության, դիմադրության և միասնականության թեժ փորձություն: Արցախյան հակամարտության խորքային վերքերը կրկին բացվեցին, և այդ օրերին հազարավոր հերոսներ կանգնած էին հայրենիքի պաշտպանության առջև։ Այս պատմության մասին Աղավնի Ծառուկյանը գիրք է գրել։

Աղավնի Ծառուկյանը ծնունդով Գանձա գյուղից է, ունի երեք երեխա և չորս թոռնիկ: Ավարտել է Ուկրաինայի տնտեսական համալսարանի հաշվառում և աուդիտ ֆակուլտետը, ինչպես նաև Երևանի պետական համալսարանի համայնքային սոցիալական աշխատող ֆակուլտետը, նաև Կատարինե կանանց քաղաքական առաջնորդության ծրագրի շրջանավարտ է ու մրցանակակիր: Աղավնին Երկար տարիներ աշխատել է Գանձայի Մշակույթի տանը։ Նաև թղթակցել է «Արշալույս» և «Սովետական Վրաստան» թերթերին։ 1989-ին Աղավնին իր ընտանիքով հանդերձ տեղափոխվել է Շիրակի մարզի Արեգնադեմ գյուղ:

«2005-ից մինչև 2016 թվական (մինչ համայնքների խոշորացում) երեք անգամ ընտրվել եմ Արեգնադեմ համայնքի ղեկավար: Եղել եմ Արփի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար, այս պահին աշխատում եմ Ամասիայի միջնակարգ դպրոցում՝ որպես վարչատնտեսական մասի համակարգող, միաժամանակ Արփի համայնքի զարգացման և ներդրումների հիմնադրամի տնօրենն եմ»,- պատմում է Աղավնի Ծառուկյանը։

Մեր այն հարցին, թե ինչպես ստեղծվեց գիրք գրելու գաղափարը, Աղավնի Ծառուկյանը պատասխանեց․

«Երբ հերթական հանդիպումն էր Նաիրիի հետ, նա ասաց, որ շատ է ուզում, որ արմատներով Փոկա գյուղից զոհված հայորդիների համար գիրք գրվի ու խնդրեց այդ գործում իրեն օգնեմ: Համաձայնվեցի ու որոշեցի տղաների մասին գրել ոչ թե գեղարվեստական գիրք, այլ զուտ հարազատների, մարտական ընկերների ու գործընկերների պատմած հուշերը: Ասեմ, որ շատ ծանր էր հանդիպել մանավանդ ծնողների հետ ու ես առաջին հանդիպումից արդեն թևաթափ էի ու թվում էր, թե չեմ կարողանալու մինչև վերջ իրականացնել նպատակս: Հզոր են հայրենիքին հերոս տված մայրերը, հզոր են հերոս տղաների կանայք։ Թվում էր, որ հանցանք կլինի կիսատ թողնել սկսած գործը, մեկ տարուց ավել տևեց հանդիպումները հարազատների ու ընկերների հետ ու ծնվեց գիրքը: Ինձ համար շատ գնահատելի է փոկացի Պարույր Մադոյանի օգնությունը, ով անմիջապես տրամադրում էր կոնտակտները, տարբեր տեղեկատվություններ, լուսաբանում էր սոցցանցերում, շնորհակալ եմ Պարույրին, շնորհակալ եմ նաև հարգելի տիկին Ռիմային, ում բանաստեղծությունները զետեղվել են գրքում, Ավետիք Հովհաննիսյանին և բոլոր նրանց, ովքեր սատար են կանգնել դժվարին օրերին: Անգնահատելի է նաև բարերար Նաիրի Մկրտչյանի աջակցությունը, ում հովանավորությամբ լույս տեսավ իմ հեղինակած «Կյանքս Արցախին, Պատիվս Ջավախքի իմ Փոկային» գիրքը մոտ 400 տպաքանակով»։

«Ցավոք 44 օրյա պատերազմում զոհվեց նաև իմ լավագույն աշխատակից Հովհաննես Հովհաննիսյանը, ում հետ ես Ուրֆանյան և զինվորների պուրակի կառուցման ծրագիրն էի իրականացնում»,- ասում է Աղավնի Ծառուկյանը

«Պուրակը կառուցելու համար մեկ միլիոն մեզ տրամադրել էր համայնքապետարանը, այն ժամանակվա համայնքապետ Մերգել Ղարիբյանը ամեն ինչում օգնում էր, որ ծրագիրը իրականություն դառնա: Սակայն մենք այլ բան էինք ուզում, այն է՝ պուրակի կենտրոնում մեծ հուշարձան, պուրակում աճող ծառերը սոսիներն էին լինելու ու երկու հայկական պետությունների դրոշները, որի համար բավականին մեծ գումար էր պետք։ Երկար փնտրտուքներն ու քննարկումները, թե ում դիմենք մեր մտադրությունը մինչև վերջ իրականացնելու համար՝ բոլորի մտքերը տարավ հեռավոր Սուրգուտ քաղաք։ Բոլոր փոկացիները միաձայն որոշեցին, որ դիմելու էինք Նաիրի Մկրտչյանին։ Արդեն պետք է զանգեի Նաիրիին, մեր ծրագրի մասին խոսելու ու նրանից աջակցություն ստանալու համար: Ասեմ, որ չէինք սխալվել բարերարի ընտրության հարցում: Առաջին իսկ զանգից հետո արդեն հանդիպեցինք Երևանում, Նաիրին հերթական անգամ այցելել էր Հայաստան: Հանդիպման համար պայմանավորվեցինք ու յուրաքանչյուր հանդիպման կամ հեռախոսային զրույցի ժամանակ մի նոր գաղափար, մի նոր մտահղացում էր ծնվում: Ավաղ 2020 թվականին էլ սկսվեց չարաբաստիկ սեպտեմբերյան պատերազմը։ Ամեն ինչ նորից խառնվեց իրար, առաջին պլան մղվեց հայրենիքի սահմաններն անողոք թշնամուց պաշտպանելու գաղափարը։ Ու հիմա արդեն առաջին պլանում պատերազմի դաշտում մարտնչող տղաներին օգնելն էր, ցերեկը աշխատում էինք, իսկ գիշերը մեր տանը մինչև լույս հաց էինք թխում ռազմաճակատի համար»,- ասաց Աղավնի Ծառուկյանը։

«Այս աղետներից հետո, թեև կոտրված սրտով, բայց շատ էի ուզում մինչև վերջ իրականացնել Հովիկի հետ սկսած ծրագիրը, ցավոք պուրակը արդեն նվիրված էր լինելու, ոչ միայն Ուրֆանյանին այլ նաև հենց իրեն՝ Հովիկին ու քաջաբար զոհված մյուս փոկացիներին»,- ավելացրեց նա։

Աղավնի Ծառուկյանը մեզ տեղեկացրեց, որ ուզում է գիրքը գովազդվի և վաճառքի դուրս գա, իսկ գումարը օգտագործվելու է հերոսներին նվիրված հուշարձանների համար։

Աղավնի Ծառուկյանին հարցրեցինք նաև գրքի վաճառքի մասին, որին նա պատասխանեց․

«Գիրքը առայժմ վաճառվում է օնլայն տարբերակով, շատ կարևոր է գրքի վաճառքը, որովհետև մենք դեռ պուրակում անելիք ունենք և որքան շատ լինի վաճառք, այնքան շուտ կավարտենք պուրակի վերջնական կառուցումը»։