Նինոծմինդայի մունիցիպալիտետի 8 գյուղեր շարունակում են մնալ առանց գազաֆիկացման, ինչը մեծ ու ծանր խնդիր է բնակիչների համար։
«08.10.2024, գյուղ Փարվանա, մարդիկ դեռ վառելիք են հայթայթում։ Բնական գազ չկա, հույսեր էլ չկա, որ կունենանք»,-ասում է Փարվանա գյուղի բնակիչը և տեսանյութ է ուղարկել NOR-ի խմբագրություն։ Տեսանյութում աթարի պատրաստման բարդ ու ծանր գործընթացն է։
Ինչպես նշում են բնակիչները` եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով մարդիկ մտահոգված են թե երբ կչորանա աթարը։
«Շուտով ձմեռ է, բայց Փարվանա գյուղի բնակիչները դեռ վառելիքի կարիք ունեն` եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։ Փարվանա գյուղում բնական գազ չկա, մարդիկ հուսահատված և մտահոգված են, թե երբ վառելիքը կչորանա և թե ինչպես կդիմավորեն ձմեռը Փարվանա գյուղի բնակիչները»,-ասում է Փարվանայի բնակիչը։
Հիշեցնենք, որ դեռևս գազաֆիկացված չեն Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փարվանա, Վլադիմիրովկա, Ախալի Խուլգումո, Գորելովկա, Օրլովկա, Եֆրեմովկա, Ժդանովական, Սամեբա գյուղերը։