Ախալքալաքի մունիցիպալիտետում բարձրագույն կրթությամբ երիտասարդների զբաղվածության հարցը խնդիր է։ Թբիլիսիում, Երևանում կամ այլ քաղաքներում կրթություն ստացած երիտասարդները նախընտրում են չվերադառնալ Ջավախք, իսկ վերադարձողները բախվում են ինքնաիրացման խնդրին։ Jnews-ը փորձեց պարզել, թե ինչու, հաշվի առնելով բազմաթիվ ոլորտներում մասնագետների պակասը, կրթված երիտասարդները, այնուամենայնիվ, չեն կարողանում աշխատանք գտնել։
Ախալքալաքի մունիցիպալիտետում զբաղվածությունը միշտ էլ խնդիր է եղել սահմանափակ աշխատատեղերի պատճառով։ Ժամանակին երիտասարդները չէին կարողանում աշխատանք գտնել «պետական լեզվին չտիրապետելու պատճառով», սակայն վերջին տարիներին երիտասարդների շրջանում պետական լեզվի իմացության վիճակը բարելավվել է։ Տեղի երիտասարդները վրացական բուհերում սովորում են հատուկ «1+4» ծրագրի շնորհիվ, որի շրջանակներում մայրենի լեզվով ընդհանուր ունակությունների քննության հիման վրա, նրանք մեկ տարի սովորում են վրացերեն, այնուհետև անցնում բակալավրիատ։ Չնայած դրան, երիտասարդների զբաղվածության խնդիրը մնում է արդիական։
Խանդո գյուղից Ֆենյա Թորոսյանը 5 տարի առաջ ընդունվել է Թբիլիսիի պետական համալսարան։ Ընտրելով վրաց լեզվի բանասիրական ֆակուլտետը, նա անհամբեր սպասում էր կրթություն ստանալուց հետո վերադառնալ հայրենի գյուղ և դպրոցում դասավանդել երեխաներին։ Կրթությունը ստացել է, վերադարձել հայրենի գյուղ, բայց դպրոցում երեխաներին դասավանդել չի կարող, տեղ չկա։
«Այս տարի ավարտեցի, եկա, դիմեցի դպրոց, ուսուցիչ աշխատելու համար, բայց մերժեցին, պատճառաբանելով, որ աշխատանքային փորձ չունեմ։ Աշխատանքային փորձն աշխատանքի ընդունվելու առաջին պայմանն են դարձրել։ Բայց այս տարի եմ ավարտել, որտեղից ինձ փորձ, ուրիշ տեղերում էլ ասում են, որ աշխատող պետք չի»,- ասում է Ֆենյա Թորոսյանը։
Ինչ վերաբերում է քաղաքում կամ այլ վայրերում աշխատանք փնտրելուն, Ֆենյան ասում է, որ մունիցիպալիտետում տեղաշարժվելու տարրական պայմաններ չկան՝ հասարակական տրանսպորտ, որը համակարգված աշխատի ամբողջ օրվա ընթացքում։
Վարդուհի Կուրղինյանը, ստանալով Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի տնտեսագիտության բակալավրի կոչում, մագիստրատուրան շարունակել է Թբիլիսիում։ Ավարտել է, բայց փորձում է այնտեղ աշխատանք գտնել և չվերադառնալ Ախալքալաք։
«Չեմ ուզում վերադառնալ, քանի որ այստեղ հարմար աշխատանք չեմ գտնում, որ իմ գիտելիքներից ու հնարավորություններից ելնելով լինեմ ազատ, առանց ծանոթությունների ու նեպոտիզմի»,- ասում է նա։
Ախալքալաքի մեծահասակների կրթության կենտրոնի տնօրեն և մանկավարժ Շորենա Թեթվաձեն կարծում է, որ երիտասարդների զբաղվածության հարցը սուր խնդիր է, քանի որ չկա աշխատաշուկայի և տեղում մասնագետների կարիքների համապատասխան ուսումնասիրություն:
«Երբ երիտասարդները գնում են սովորելու, մենք պետք է իմանանք, թե քանի իրավաբան կամ բժիշկ է պետք, քանի իրավաբանի, բժշկի տեղ ունենք։ Նրանք, ովքեր սովորում են բժիշկ դառնալու համար, հիմնականում չեն վերադառնում, իսկ նրանք, ովքեր վերադառնում են, դժվարությամբ են աշխատանք գտնում։ Երիտասարդներն ընտրում են այն ֆակուլտետները, որտեղ շատ ուսանողներ կան մեր տարածքից, կամ ծնողների խորհրդով, այլ ոչ թե այն մասնագիտությունները, որոնք այստեղ պահանջված են։ Ցավոք, երիտասարդները չեն ընտրում կամ քիչ են ընտրում գյուղատնտեսության ոլորտի հետ կապված մասնագիտությունները, դրանք չեն գրավում երիտասարդներին»,- ասում է Շորենա Թեթվաձեն։
Սամցխե-Ջավախքի հասարակական կազմակերպությունների Ախալքալաքի հարթակը, որը ներառում է նաև Շորենայի կազմակերպությունը, 3 ամիս շարունակ տարբեր հանդիպումների և հաղորդակցությունների միջոցով ուսումնասիրում է Ջավախքում զբաղվածության խնդիրը։ Ուսումնասիրության ընթացքում հարթակը ևս մեկ անգամ համոզվեց, որ տեղական աշխատաշուկայում առաջարկի և պահանջարկի միջև անհամապատասխանության պատճառներից մեկը այս շուկայում հետազոտությունների բացակայությունն է և երիտասարդների անբավարար տեղեկատվությունն այն պահին, երբ նրանք ընտրում են իրենց ապագա մասնագիտությունը: Հարթակի հանդիպումներից մեկի ժամանակ հրավիրված էին նաև Զբաղվածության աջակցության պետական գործակալության ներկայացուցիչներ, ովքեր նշեցին, որ ուսումնասիրում են աշխատաշուկան և տեղեկատվություն են տարածում անվճար պրակտիկայի և այլ ծրագրերի մասին։ Ըստ Շորենա Թեթվաձեի, դա, ըստ երեւույթին, բավարար չէ։
«Մենք տեսնում ենք, որ դա բավարար չէ, այս հարցը նորից քննության կարիք ունի, հուսով եմ, խորապես կուսումնասիրենք խնդիրը։ Շատ բան պարզ դարձավ մեր հանդիպումների ժամանակ։ Սակայն հետազոտությունների անհրաժեշտությունն ակնհայտ է»,- ասել է Շորենա Թեթվաձեն։
Նշենք, որ, տեղական տարածքում իրականացվող ծրագրերի և հետազոտությունների վերաբերյալ հարցերով, Jnews-ը հուլիս ամսից դիմել է Զբաղվածության աջակցության պետական գործակալությանը: Մենք մինչ օրս սպասում ենք պատասխանի։