Վրաստանում հակառուսական տրամադրությունների ֆոնին Մոսկվան պարզեցրել է Վրաստանի քաղաքացիների մուտքի և ելքի ընթացակարգը Ռուսաստան։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է հոկտեմբերի 10-ին:
Փաստաթղթի համաձայն, Ռուսաստանի Դաշնություն մուտքի առանց վիզայի ռեժիմը կտարածվի Վրաստանի այն քաղաքացիների վրա, որոնք Ռուսաստան կայցելեն «աշխատանքային գործունեության համար ավելի քան 90 օր ժամկետով՝ Ռուսաստանի Դաշնությունում ժամանակավոր գտնվելու համար, ներառյալ` կրթություն ստանալու նպատակով»։
Նշենք, որ մինչ նշված հրամանագիրը Վրաստանի քաղաքացիների այս կատեգորիան առանց վիզայի Ռուսաստան մուտք գործելու իրավունք չուներ։
Պուտինի հրամանն ուժի մեջ կմտնի հրապարակումից անմիջապես հետո, և Վրաստանի քաղաքացիները, որոնք պատկանում են այս կատեգորիային, կկարողանան Ռուսաստան մուտք գործել իրենց վավեր անձը հաստատող փաստաթղթերի հիման վրա (Վրաստանի քաղաքացու նույնականացման քարտ, դիվանագիտական անձնագիր, ծառայողական անձնագիր և այլն):
Հիշեցնենք, որ 2023 թվականի մայիսի 15-ին Պուտինը չեղարկել էր Վրաստանի քաղաքացիների համար 2000 թվականին սահմանված վիզային ռեժիմը: aliq.ge