Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա տանող ճանապարհահատվածի եզրերը ամբողջ երկայնքով՝ ներառյալ մինչև Թորիա գյուղը, ամբողջությամբ վերածվել է աղբանոցի։ Սա ևս մեկ անգամ փաստում է այն մասին, որ բնակիչները հոգ չեն տանում բնության մաքրության մասին։
Աղտոտելով բնությունը՝ բնակիչները առաջինը վնասում են իրենց և չեն մտածում, որ այդ օդը շնչում ու տհաճ տեսարանին ականատես են լինում հենց իրենք ու իրենց երեխաները։
Նշենք, որ ամբողջ ճանապարհահատվածի եզրերի երկայնքով լցված են պոլիէթիլենային տոպրակներ, պլաստմասե և ապակե շշեր, պլաստմասե բաժակներ, թղթեր, ծխախոտի դատարկ տուփեր և այլ տեսակի աղբ։
Երկաթգծի կամուրջի վրա տեղադրված բետոնե պատնեշներին բնակիչները թողել են տարբեր գրություններ այն մարդկանց հասցեին, ովքեր աղտոտում են նշված հատվածը։
Բետոնե պատնեշների վրա մասնավորապես գրված է. «Ամոթ է», «Զիբիլածին», «Խիղճ ունեցե՛ք», «Բնությունը հերի՛ք է կեղտոտեք» և այլն։