Reuters գործակալությունը հրապարակում է կատարել` հենվելով հոկտեմբերի 17-18-ին նախատեսված Եվրոպական խորհրդի գագաթնաժողովի եզրակացության նախագծի տեքստի բովանդակությանը:
Ըստ գործակալության՝ Եմ առաջնորդները նախատեսում են զգուշացնել Վրաստանին, որ ընտրություններից առաջ նրա կառավարությունը վտանգի տակ է դնում երկրի ուղին դեպի Եվրոպա:
«Վրաստանը Եվրամիության թեկնածուի կարգավիճակ է ստացել 2023 թվականի դեկտեմբերին, իսկ բնակչության հարցումը ցույց է տալիս, որ քաղաքացիները կողմ են Եվրամիությանն անդամակցելուն։
«Վրացական երազանք»-ի ավելի ու ավելի բարյացակամ հռետորաբանությունը Ռուսաստանի նկատմամբ, վիճահարույց օրենքը, վերջերս ընդունված օրենսդրությունը, որը սահմանափակում է ԼԳԲՏ համայնքի իրավունքները՝ այս ամենը անհանգստություն է առաջացրել արևմտյան մայրաքաղաքներում»,- գրել է գործակալությունը։
Եվրամիությունը հաստատում է իր պատրաստակամությունն աջակցելու վրաց ժողովրդին եվրոպական ճանապարհին, բայց ևս մեկ անգամ իր լուրջ մտահոգությունն է հայտնում վրացական իշխանությունների գործողությունների վերաբերյալ։ Եվրոպական խորհուրդը մատնանշում է, որ նմանատիպ գործողությունները սպառնում են դեպի Եվրամիություն Վրաստանի ուղին, և փաստացի դադարեցնում է անդամակցության գործընթացը։
Եվրախորհուրդը Վրաստանի իշխանություններից ակնկալում է ազատ և արդար խորհրդարանական ընտրությունների ապահովում»,- ասված է գագաթնաժողովի եզրակացության նախագծում։
Գործակալությունը գրել է, որ հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններն ուշադրությամբ վերահսկվում են Վրաստանի միջազգային գործընկերների կողմից։ aliq.ge