Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ Գեղարքունիքի մարզում: Առավոտյան ժամը 06:30-ի սահմաններում Վարդենիս խոշորացված համայնքի Շատվան բնակավայրի բնակիչ Մանվել Հակոբյանը, մտնելով իրենց պատկանող անասնագոմ, հայտնաբերում է իրեն պատկանող մոտ 100-ից ավելի մայրացու ոչխարներին և գառներին՝ սատկած: Հայտնում է Shamshyan.com-ը։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամաշյանի հետ զրույցում Մ. Հակոբյանն ասել է.
«Սովորության համաձայն ամեն առավոտ էս ժամին մտնում եմ գոմ, որպեսզի զբաղվեմ գառների խնամքով՝ արածեցնել, կեր տալ, ու ճիշտն ասած մտքովս չէր անցնի, որ հնարավոր է՝ գայլերի կողմից նման սպանդ իրականացվեր: Սա 1 կամ 2 գայլի բան չի, վարկ ենք վերցրել ու զբաղվում էինք էս գործով ու հիմա չգիտենք՝ ում դիմենք: Մոտ 400 մայրացու ոչխարներ ու գառներ կան, 100-ից ավելիին հոշոտել են, մի քանիսն էլ վիրավոր են. էդ վիրավորները հաստատ չեն ապրի:
Երևի նման բան անգամ երազում չէի տեսնի: Ուզում եմ հավատալ, որ Գեղարքունիքի մարզպետարանը, ինչի չէ՝ նաև Կառավարությունը օգնության ձեռք կմեկնեն. մեր ընտանիքի ապրուստի միջոցն էր սա, չհաշված հազիվ ծերը ծերին հասցնում, վարկերն էինք փակում. հիմա բանկը գոնե մի 2 տարով վարկերը սառեցնեն, մինչև տեսնեմ՝ գլխիս ինչ է գալիս»:
Գյուղացիներն էլ նշում էին, որ ուրախ կլինեն, եթե իրոք Կառավորությունն ու մարզպետարանը էս ընտանիքին օգնեն, քանի որ քրտինքով ապրող, արդար վաստակող ընտանիք են, ու չպետք է նրանց այս դեպքից հետո միայնակ թողնել, մենք էլ ենք հավատում, որ մի բան կանեն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Մ. Հակոբյանին պատճառվել է խոշոր չափի՝ մի քանի միլիոն դրամի վնաս և չկա երաշխիք, որ գայլերը նորից գյուղ չեն գա, քանի որ ժողովուրդը երբեք չի սխալվում, երբ ասում է՝ գայլը եթե որսի տեղը իմացավ, ու կիսատ բան թողեց , հետևից էլի կգա: