Նինոծմինդայի մունիցիպալիտետում ակտիվորեն ընթանում են նախընտրական քարոզարշավներ։ Այսօր՝ հոկտեմբերի 19-ին Նինոծմինդա քաղաքի Մշակույթի տան հարակից տարածքում տեղի ունեցավ «Վրացական երազանք» կուսակցության նախընտրական քարոզարշավը։ Բնակիչների հետ հանդիպմանը ելույթ ունեցան Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ՝ Սամվել Մանուկյանը և Սումբատ Կյուրեղյանը։ «Վրացական երազանք» կուսակցությունը հանդես է գալիս 41 համարի ներքո։
Քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը ողջունեց բոլորին ու նշեց, որ սա վերջին հանդիպումն է բնակիչների հետ։
«Ամեն բան բարեկարգված է, Նինոծմինդա քաղաքը սկսել է զարգանալ, իսկ այն ծրագրերը որոնք կիսատ են, կշարունակենք միասին ավարտին հասցնել։ «Վրացական երազանքի» ամենակարևոր նպատակը մեր երկրի խաղաղությունն է, որը մենք բոլորս միասին պետք է պաշտպանենք»,- ասաց Անիվարդ Մոսոյանը։
Սամվել Մանուկյանը նշեց. «Այսօր ոչ մեկը ոչ մեկի վրա ճնշում չի գործադրում։ Առաջինը խաղաղությունն է, երկրորդը՝ ունենանք աճ և բարգավաճի մեր պետությունը»։
Սումբատ Կյուրեղյանը իր հերթին նշեց, որ ամեն ինչ լավ է, սակայն ունենք կենսական նշանակություն ունեցող կարևոր խնդիր, որը խաղաղությունն է։
Ավելացնենք, որ Մշակույթի տան հարակից տարածքի հանդիպումից բացի «Վրացական երազանք» կուսակցության անդամները այսօր հանդիպել են նաև Նինոծմինդայի Նորաշեն և Խոջաբեկ թաղամասերի բնակիչների հետ։