Վերջին տվյալներով հինգ հասարակական կազմակերպություններ արդեն բռնի ուժով ընդգրկվել են «օտարերկրյա գործակալների» ցուցակում։ Միաժամանակ կամավոր գրանցման հայտ է ներկայացրել ավելի քան 476 կազմակերպություն։ Իշխանությունները հայտարարում են, որ թափանցիկություն ապահովելու համար անհրաժեշտ է, որպեսզի հանրությունը իմանա, թե որ կազմակերպություններն ունեն արտասահմանյան ֆինանսավորում։ Ավելին, երկրի շուրջ 31000 կազմակերպություններ ֆինանսական աջակցություն են ստանում արտերկրից։
Քաղաքացիական հասարակությունը և լրատվամիջոցներն այս օրենքը անվանում են «ռուսական օրենք» և համարում են, որ իշխանության այս քայլերը ռեպրեսիաների սկզբի նշան են. նոր կարգավորումները սահմանափակում են նրանց ազատությունը և խոչընդոտում նրանց գործունեությունը։
Այդ կազմակերպությունների թվում է «Սաֆարի» շահույթ չհետապնդող կազմակերպությունը, որը կանանց իրավունքների պաշտպանության առումով ամենաակտիվ կազմակերպություններից է։
«Սաֆարի»-ն անվճար օգնում է բռնության կամ տարբեր տեսակի խտրականության ենթարկված մարդկանց։ Կազմակերպությունը կենտրոնացած է իրավական, հոգեբանական և սոցիալական աջակցության վրա:
«Սաֆարիի» իրավաբան Էկա Մոզաշվիլին NOR ռադիոյի հետ զրույցում նշել է, որ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կազմակերպությանը դնում է ծանր դրության մեջ:
Մոզաշվիլիի խոսքով՝ «Սաֆարին» չի գրանցվի, քանի որ իրենց գործունեության բնույթով նրանք կանգնած են վրաց ժողովրդի ծառայության համար և չեն ներկայացնում օտարերկրյա որևէ ազդեցության շահ:
«Այս «ռուսական»օրենքը ստիպում է մեզ կատարել երկու ծայրահեղ ընտրությունից մեկը՝ կամ գրանցվել և ստանալ չարաշահող «գործակալի» կարգավիճակ, կամ ենթարկվել խիստ ֆինանսական պատժամիջոցների, որոնք կարող են հանգեցնել կազմակերպության փակմանը»:
«Մեր առաքելությունն է աջակցել վրաց հասարակությանը և պայքարել բռնության դեմ։ Գործակալի կարգավիճակը վիրավորում է ոչ միայն մեր կազմակերպությանը, այլեւ այն սկզբունքները, որոնց վրա մենք աշխատում ենք»։
Մոզաշվիլին նաև նշում է, որ գրանցամատյանում գրանցումը կրում է շահառուների գաղտնի տեղեկատվության արտահոսքի և նրանց վստահությունը կորցնելու լուրջ վտանգ:
«Գրանցվելով գրանցամատյանում՝ մենք ստիպված կլինենք լրացնել հայտարարագիր եւ տեղեկատվություն տրամադրել երրորդ անձի (Արդարադատության նախարարությանը)։ Հատկապես զգայուն է մեր շահառուների տեղեկատվությունը, բռնության պատճառով նրանք իրավական և հոգեբանական օգնության կարիք ունեն: Նրանց վստահությունը մեր նկատմամբ կենսական նշանակություն ունի, ուստի մենք չենք կարող թույլ տալ, որ նրանց տեղեկատվությունը տրամադրվի պետությանը»:
Մոզաշվիլիի խոսքով՝ շահառուների համար կազմակերպության հետ հարաբերություններն արդեն իսկ վկայում են այն մասին, որ նրանք հատուկ աջակցության և պաշտպանության կարիք ունեն։ Նման տեղեկատվության փոխանակումը խաթարում է վստահությունը շահառուների հետ և վտանգում կազմակերպության գործունեությունը:
Ինչպես «Սաֆարին» այնպես էլ նմանատիպ գործունեությամբ զբաղվող մյուս կազմակերպությունները հրաժարվում են գրանցվել «Գործակալների» ռեգիստրում և օրինական ճանապարհով բողոքում են այդ ճնշումների դեմ։ «Սաֆարին» փորձում է պահպանել անկախությունն ու ազատությունը. գրանցման վերաբերյալ կազմակերպության համաձայնությունն առաջին հերթին «կվնասի նրանց հեղինակությանը»։ Սա այն դեպքում, երբ «Օտարերկրյա գործակալների» օրենքի չպահպանումը նախատեսում է ծանր ֆինանսական պատժամիջոցներ։