Հոկտեմբերի 20-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղի Վիկտոր Հովսեփյանի անունը կրող թիվ 1 դպրոցում տեղի ունեցավ ուսուցչական անձնակազմի և աշակերտների կողմից կազմակերպված միջոցառում՝ նվիրված հայ գրող, բանաստեղծ, արձակագիր և մանկավարժ Վիկտոր Հովսեփյանի 77 ամյակին։
Միջոցառման բացումը և ողջույնի խոսքը սկսեց Վիկտոր Հովսեփյանի դուստր, Հեշտիայի թիվ 1 դպրոցի տնօրեն Նանե Հովսեփյանը։ Նա իր ողջույնի խոսքը սկսեց խորին երախտիքով՝ մասնավորապես նշելով. «Հովսեփյանական պոեզիայի 27 տարիներն ամեն անգամ նորանոր գաղափարներով միավորում է մտավորականներին, խելացիներին, բանիմաց, մարդկային դրական հատկանիշներով օժտված անձանց։ Մեր շնորհակալական և երախտիքի խոսքերն ենք հայտնում պոեզիայի Հովսեփյանական օրը ստեղծողներին, պահպանողներին, ովքեր կենդանի են, երկարակեցություն ենք մաղթում, ովքեր ցավոք սրտի մեզ հետ չեն, արժանի են երկնային արքայությանը, բոլորին հիշում ենք»։
Միջոցառմանը ներկա էին դպրոցի ուսուցիչներ, հարևան գյուղերից դպրոցի տնօրեններ, ինչպես նաև Նինոծմինդայի քաղաքապետարանի մշակույթի, սպորտի և երիտասարդության վարչության պետ Լևոն Վարդանյանը, Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը և այլք։
Միջոցառումը բաղկացած էր երկու մասից՝ առաջինում աշակերտները ներկայացան Վիկտոր Հովսեփյանի ստեղծագործություններով, այնուհետև երեխաները ներկայացան երգով և պարով։
Միջոցառման երկրորդ մասում կազմակերպվեց վիկտորինա՝ կրկին նվիրված Վիկտոր Հովսեփյանին: Վիկտորինային մասնակցեցին նաև հարևան գյուղերից Թորիայի, Ուչմանայի և Ղաուրմայի դպրոցի աշակերտները։ Բոլոր մասնակից խմբերը շատ ակտիվ ներկայացան և ստացան պատվոգրեր։ Միջոցառման վերջում կազմակերպվեց հյուրասիրություն։
Մանրամասները նաև աուդիոնյութում.
Վիկտոր Հակոբի Հովսեփյանը ծնվել է 1947 թվականի սեպտեմբերի 4-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղում: Ավարտել է Հեշտիայի միջնակարգ դպրոցը 1973 թվականին հեռակա ընդունվել է Վանաձորի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ 1973-1996 թվականներին դասավանդել է հայրենի գյուղում։ Հեղինակ է 16 չափածո և արձակ ժողովածուների։ Ստեղծագործությունները թարգմանվել են վրացերեն ռուսերեն գերմաներեն ուզբեկերեն։ Հովսեփյանը վրացերենից թարգմանել է Տերենտի Գրանելուն, գերմաներենից Ռայներ Մարիա Ռիլկեին, ռուսերենից Իննոկենտի Անեսկուն և ուրիշներ։ Եղել է հայ բանաստեղծ, արձակագիր, մանկավարժ, 1981 թվականին եղել է ԽՍՀՄ գրողների միության անդամ, իսկ 1991 թվականին Վրաստանի և Հայաստանի գրողների միության անդամ:
Դիտեք նաև տեսանյութը․