Մոլդովայի նախագահական ընտրություններում առաջատար է գործող նախագահ Մայա Սանդուն։ Նա ըստ նախնական տեղեկությունների, ստացել է ձայների գրեթե 42%-ը, նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոն՝ 26%-ից մի փոքր ավելի։ Եթե ձայների ամբողջական հաշվարկից հետո վերոնշյալ տվյալները չփոխվեն, և ոչ մի թեկնածու չկարողանա հավաքել 50 տոկոսից ավելի, նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի նոյեմբերի 3-ին։
Նախագահական ընտրություններին զուգահեռ ընտրողները պետք է պատասխան տան՝ սատարո՞ւմ են իրենց երկրի եվրոպական ապագան, թե՞ ոչ։ Սահմանադրական հանրաքվեի արդյունքներն առայժմ 50/50 են։ Այնուամենայնիվ, կա հնարավորություն, որ սփյուռքի շնորհիվ սահմանադրական հանրաքվեն ավարտվի հօգուտ եվրաինտեգրման։
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն կարծում է, որ Մոլդովայում ընտրությունների և հանրաքվեի ժամանակ արդար քաղաքական գործընթաց չի եղել։
Իր ելույթում Մայա Սանդուն ընդգծել է, որ «աննախադեպ հարձակումը ազատության և ժողովրդավարության վրա» տևել է մի քանի ամիս, և դրա հետևում կանգնած են հանցավոր խմբավորումներ և օտարերկրյա ուժեր, որոնք «հարձակվել են Մոլդովայի վրա տասնյակ միլիոնավոր եվրոներով, ստերով և քարոզչությամբ»։