Վրաստանում գործող անկախ մեդիաները, այդ թվում՝ Ալիք Մեդիան, դիմադրում են «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքին, որը սահմանափակում է ազատ լրատվությունը։ Ալիք Մեդիայի տնօրեն Լիզա Թորոսյանը նշում է, որ նոր օրենքը կպիտակավորի անկախ կազմակերպությունները որպես «օտարերկրյա գործակալներ», ինչն ուղղակիորեն կխոչընդոտի նրանց աշխատանքին և հարաբերություններին իրենց լսարանի հետ։
Վրաստանում գործող անկախ մեդիա կազմակերպություններն այս օրերին բախվում են նոր մարտահրավերների, որոնք առաջացել են «օտարերկրյա գործակալի մասին» նոր օրենքի պատճառով։ Այս օրենքը, որի նպատակն է պիտակավորել արտերկրյա ֆինանսավորում ունեցող կազմակերպություններին որպես «օտարերկրյա գործակալներ», անկախ այն բանից թե ինչով է զպաղվում կազմակերպությունը, լուրջ ազդեցություն է թողնելու անկախ մեդիաների գործունեության վրա։ Ալիք Մեդիայի տնօրեն Լիզա Թորոսյանը, նշում է, որ օրենքի ընդունումը կարող է խոչնդոտ է հանդիսանում լսարանի հետ նրանց կառուցած վստահությունը պահպանելուն։
«Ալիք Մեդիան չի գրանցվել որպես օտարերկրյա գործակալ, քանի որ դա կխոչընդոտի մեր աշխատանքին և մեզ կտանի դեպի դժվարին իրավիճակ»,- ասում է Թորոսյանը։ «Այդ պիտակը վնասելու է մեր կապը լսարանի հետ, այն լսարանի որը մեզ դիմում է իր խնդիրներով և ակնկալում է, որ դրանք լուծում կստանան մեր իսկ լուսաբանելու շնորհիվ»։
Նոր օրենքը ենթադրում է, որ կազմակերպությունները, որոնք ստանում են արտերկրյա ֆինանսավորում, պետք է գրանցվեն որպես «օտարերկրյա գործակալներ»։ Լիզա Թորոսյանը և այլ մեդիա ղեկավարներ շեշտում են, որ այս օրենքը ուղղված է անկախ կազմակերպությունների դեմ, որոնք հիմնականում աշխատում են Վրաստանի շահերից ելնելով։ «Ալիք Մեդիան, ինչպես և մյուս անկախ մեդիաները, գործում է Վրաստանի հանրային շահի համար՝ տվյալ դեպքում ապահովելով, որ հայալեզու բնակչությունը տեղեկացված լինի Վրաստանի քաղաքական և սոցիալ-տնտեսական իրադարձությունների մասին»։
Ալիք Մեդիան Վրաստանում կարևոր դեր է խաղում ոչ միայն լրատվության մատուցման մեջ, այլև ապատեղեկատվության դեմ պայքարում։ Վերջին տարիներին, հատկապես «Կրեմլի» կողմից տարածվող ապատեղեկատվության աճի պայմաններում, Ալիք Մեդիան ներգրավվել է մեդիա գրագիտության ծրագրերում։ Թորոսյանի խոսքով՝ նրանք հատուկ դասընթացներ են անցկացնում երիտասարդների համար, ովքեր հետագայում դառնում են մեդիա գրագիտության դեսպաններ։ Այս նախաձեռնությունը հատկապես կարևոր է ապատեղեկատվության դեմ պայքարում՝ ապացուցելով, որ մեդիաները պետք է լինեն անկախ ու հուսալի։
Ինչ վերաբերում է ֆինանսավորմանը, Ալիք Մեդիան, որպես անկախ լրատվամիջոց, հիմնականում ֆինանսավորվում է միջազգային և տեղական դոնորների կողմից, քանի որ կազմակերպությունը պահելով իր անկախությունը չի ընդունում քաղաքական կուսակցությունների կողմից ֆինանսավորում, իսկ բնակչության ֆինանսական աջակցությունը գրեթե անհնար է՝ նկատի ունենալով Վրաստանում աճող աղքատությունը։ «Մեր ֆինանսավորումը գալիս է թե միջազգային, և թե տեղական դոնորներից, ովքեր չեն սահմափակում և ոչ մի կերպ չեն խոչընդոտում մեր խմբագրական քաղաքականությանը և թեմաների ընտրությանը»,- նշում է Թորոսյանը։
Այսպիսով, «օտարերկրյա գործակալի մասին» օրենքը սպառնում է ոչ միայն Ալիք Մեդիայի, այլև բոլոր անկախ լրատվամիջոցների գոյությանը Վրաստանում, որոնք պայքարում են ապատեղեկատվության դեմ և գործում ի օգուտ Վրաստանի՝ մնալով անկախ և վստահելի տեղեկատվական աղբյուրներ։