Չնայած այս տարի Նինոծմինդայում կարտոֆիլի առատ ու լավ բերք կա, սակայն վերջին օրերին տեղացած ձյունը և բանվորների ծառայությունների գների բարձրացումը դժվարացրել է կարտոֆիլի բերքահավաքը։ Այս ամենը լուրջ խնդիր է դարձել շատ ֆերմերների համար։ Եղանակային կտրուկ փոփոխությունները, մասնավորապես ձյան տեղումները և ջերմաստիճանի կտրուկ անկումը թույլ չեն տալիս բնակիչներին և ֆերմերներին հավաքել բերքը։ Եղանակի վատթարացման պատճառով ֆերմերները հայտնվել են ծանր վիճակում, չեն կարողանում օգտվել տրակտորներից, իսկ աշխատողները պահանջում են բարձր աշխատավարձ:
NOR ռադիոյի լրագրողն այսօր այցելել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղեր և զրուցել բնակչության հետ։
«Ձյունը և խոնավության բարձրացումը գրեթե անհնարին դարձրեցին տրակտորների մուտքն ու աշխատանքը դաշտում։ Դաշտերը հեղեղված են։ Բացի այդ, աշխատողները կտրուկ թանկացրել են ծառայությունների արժեքը՝ հիմա մեկ օրվա աշխատանքի համար 100 լարի են պահանջում»,- ասում է Մամզարա գյուղի բնակիչներից մեկը։
Կարտոֆիլի գինը տատանվում է 40-50 թեթրիի սահմաններում, ինչը գյուղացիների համար միանգամայն գոհացնող չէ։ Կարտոֆիլի այդքան ցածր գինը չի կարող ծածկել կատարված ծախսերը, որոնք ներառում են տրակտորային ծառայություններ և աշխատուժ։
«Ձյան պատճառով մենք չենք կարողանում կարտոֆիլը հավաքել, տրակտորը չի կարողանում դաշտ մտնել և աշխատողներին չենք կարող վճարել, որ մեզ օգնեն։ Ծախսերն այնքան են աճել, որ նույնիսկ իմաստ չունի վաճառել մեր բերքը»,- ասում է տեղի ֆերմերներից մեկը: