2024 թվականի հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ։ Վրաստանի քաղաքացիական հասարակության ուշադրության կենտրոնում է ընտրությունների ճանապարհով եվրոպական ապագայի ստեղծումը: Հատկանշական է, որ Վրաստանի էթնիկ փոքրամասնություններով բնակեցված Սամցխե-Ջավախեթիի և Քվեմո Քարթլիի շրջաններում երիտասարդների մասնակցությունը քաղաքականության մեջ դեռևս ցածր է։ Չնայած, որ երիտասարդները ներկայացնում են բնակչության զգալի մասը, նրանց ձայնը հազվադեպ է լսվում։
«Ալիք Մեդիա Վրաստան»-ը փորձում է օգնել էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչ երիտասարդներին՝ նրանց ձայնը լսելի դարձնելու նպատակով: Զրուցել ենք այն երիտասարդների հետ, որոնք այս տարի առաջին անգամ են մասնակցելու ընտրություններին։
Կարինա Շագանյանն Իլիայի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների 4-րդ կուրսի ուսանողուհի է Ծալկայի Կիզիլկիլսա գյուղից։ Նա նշում է, որ Վրաստանում երիտասարդների ձայնը, ցավոք, չի լսվում քաղաքական դաշտում. «Ես չեմ հավատում, որ իմ և ընդհանրապես հասակակիցներիս ձայնը լսելի է Վրաստանի քաղաքական դաշտում։ Սրանում ես էլ ավելի համոզվեցի վերջին իրադարձությունների արդյունքում, երբ իշխանությունը հաշվի չառավ երիտասարդների կարծիքը, ընդունեց իր շահերից բխող որոշումը (Նկատի ունի ցույցերի ներքո ընդունված «Գործակալների մասին օրենքը», խմբ․)»։
Կարինայի կարծիքով՝ երիտասարդների մոտ զգացում է, թե քաղաքականությամբ զբաղվելն անիմաստ է, քանի որ տեսնում են՝ ի վերջո ամեն ինչ լինում է այնպես, ինչպես իշխանությունն է ուզում, ոչ թե ժողովուրդը։ Ահա թե ինչու է երիտասարդների ներգրավվածությունը քաղաքականության մեջ խիստ ցածր։
Կարինան կարծում է, որ ընտրություններին մասնակցելը կարևոր է, դրանով որոշվում է երկրի և ժողովրդի ապագան. «Կարծում եմ, որ ընտրություններին մասնակցությունը որոշիչ է հատկապես այս խորհրդարանական ընտրություններին․ դրանից է կախված մեր ապագան, մեր կյանքը։ Ընտրություններին մասնակցելը և՛ մեր իրավունքն է, և՛ մեր պարտականությունը, հետևաբար, որպես Վրաստանի քաղաքացի, կարևոր է գնալ ընտրությունների, արտահայտել սեփական կամքը՝ հանուն երկրի ավելի լավ ապագայի»։
Հարցազրույցում Կարինան նշում է, որ էթնիկ փոքրամասնությունների խնդիրները եղել են, կան և կլինեն այնքան, քանի դեռ կառավարությունը չի սկսել շոշափելի փոփոխություններ իրականացնել դրանք լուծելու ուղղությամբ։ Նա ասում է, որ առաջին հերթին կարևոր խնդիրներից է պետական լեզվի չիմացությունը, որի լուծման համար պետք է ջանքեր գործադրել, համապատասխան քայլեր ձեռնարկել էթնիկ փոքրամասնություններով բնակեցված մարզերում։ Նրա խոսքով, պետական լեզվի չիմացությունը նախապայման է մյուս բոլոր խնդիրների համար, որոնք խոչընդոտում են էթնիկ փոքրամասնությունների՝ լիարժեք ինտեգրման գործընթացին։
Կարինայի կարծիքով, որպեսզի երիտասարդները սկսեն ավելի ակտիվ մասնակցել քաղաքական կյանքին, կարևոր է, որ իշխանությունը ցույց տա՝ հաշվի է առնում նրանց կարծիքը, գիտակցում է, որ նրանք ներկայացնում են հասարակության առաջնահերթ հատվածը։ Դրա համար պետք է աշխատատեղեր բացվեն, երիտասարդներին հնարավորություն տրվի գործնականում կիրառել բուհում ձեռք բերած գիտելիքն ու փորձը՝ իրենց գնահատված զգալու։
Կարինան գտնում է, որ երիտասարդները մեծ դեր են խաղում երկրի ապագայի կերտման գործում. «Կարծում եմ, որ այսօր երիտասարդների դերը մեծ է, քանի որ մենք ենք երկրի ապագան, մենք կառուցում ենք վաղվա օրը։ Յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր որոշում մեծ ազդեցություն ունի երկրի և նրա ապագայի վրա։ Կարծում եմ, որ երիտասարդների ակտիվ ներգրավվածությունը քաղաքական կամ այլ կարևոր հարցերում կենսական նշանակություն ունի, դրա համար կառավարությունը պետք է երիտասարդներին մասնակցելու մոտիվացիա տա»։
Հարցին, թե ինչ ուղերձ ունի քաղաքական առաջնորդներին և կուսակցություններին՝ կապված իր համայնքի երիտասարդության կարիքների և ձգտումների հետ, պատասխանում է՝ առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել էթնիկ փոքրամասնություններին, նրանց խնդիրներին, հաշվի առնել նրանց կարծիքը․ «էթնիկ փոքրամասնությունները ևս այս երկրի հավասար քաղաքացիներն են, հասարակության անբաժանելի մասը»:
«Ալիք մեդիա Վրաստանը» շարունակում է զրուցել առաջին անգամ ընտրության իրավունք ստացած երիտասարդների հետ․ առաջիկայում կներկայացնենք հերթական հոդվածը՝ «Ուսանողների ձայնը» շարքի շրջանակում։ aliq.ge