Մառնեուլիի սակրեբուլոյի անդամը քվեաթերթիկներ է լցրել քվեատուփը

Մառնեուլիի սակրեբուլոյի անդամը քվեաթերթիկներ է լցրել քվեատուփը

Վրաստանի Մառնեուլի քաղաքի սակրեբուլոյի «Վրացական երազանք» կուսակցության անդամ Ռովշան Իսկենդերովը 69-րդ ընտրատարածքում գտնվող քվեատուփի մեջ բռնի ուժով մի քանի քվեաթերթիկ է լցրել, տեղեկացրել են ԶԼՄ-ները (աղբյուր 12):

Այս փաստը տեսագրել է «Իմ ձայնը» դիտորդական առաքելության դիտորդը, որից հետո ֆիզիկական բռնության է ենթարկվել և վտարվել ընտրատեղամասից:

Տեսագրության կադրերը համացանցում տարածել է նաև Հանրային նախկին պաշտպան Նինո Լոմջարիան:

Մառնեուլիի շրջանում գործում է 81 ընտրական տեղամաս, որից միայն 41 տեղամասում կա էլեկտրոնային քվեարկության համակարգ։

Հիշեցնենք, որ, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ընտրողներին կսպասարկեն 3 հազար 111 ընտրական տեղամասեր, որոնցից 3 հազար 44 ընտրատեղամասերը բացվել են Վրաստանի տարածքում, 67-ը` արտասահմանում։ Պատգամավորները կընտրվեն միայն համամասնական ընտրակարգով։ Խորհրդարանի պատգամավորների մանդատները կբաշխվեն այն քաղաքական կուսակցություններին, որոնք կհաղթահարեն 5 տոկոսի շեմը։

150 պատգամավոր ունեցող Վրաստանի խորհրդարանի ընտրություններին, ընդհանուր առմամբ, մասնակցում են 18 քաղաքական կուսակցություններ/միավորումներ: Նրանց մասին հավելյալ տեղեկությունները հասանելի են այս հղմամբ: Այս խորհրդարանական ընտրությունները երկրի հատկապես արտաքին քաղաքական կուրսի համար վճռորոշ նշանակություն կունենան։ aliq.ge