«Մեր հետագա արձագանքները կորոշվեն վրացական իշխանությունների գործողություններով»,- ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
«Մենք չենք բացառում հետագա հետևանքները, եթե վրացական կառավարությունը չփոխի կուրսը… Մենք կոչ ենք անում վրացական իշխանություններին մտածել այն մասին, թե ինչպիսի հարաբերություններ են ուզում ունենալ եվրատլանտյան հանրության հետ, այլ ոչ թե ամրապնդել ավտոկրատների նախընտրած քաղաքականությունը»,-ասել է Միլլերը:
Նա ասել է, որ «վրաց ժողովուրդը շաբաթ օրը գնաց քվեարկության մթնոլորտում, որը ձևավորվել է իշխող կուսակցության քաղաքականությամբ, ներառյալ պետական ռեսուրսների չարաշահումը, ձայների գնումը և ընտրողների ահաբեկումը», որը ստեղծել է «անհավասար խաղադաշտ» և խաթարել է «հասարակական և միջազգային վստահությունը» գործընթացում։
«Մենք աջակցում ենք բոլորի խաղաղ բողոքի իրավունքը և կոչ ենք անում իշխանություններին լիովին հարգել վրացիների խաղաղ հավաքների իրավունքը և ցանկանում ենք տեսնել ընտրությունների ենթադրյալ խախտումների լիարժեք հետաքննություն»,-ասել է Միլլերը:
Նա այս փուլում չմեկնաբանեց Վրաստանի ընտրություններին ռուսական միջամտության թեման՝ հասկացնելով, որ առանց դրա էլ շատ խնդիրներ կան։
Վրաստանի կառավարությունն ու իշխող կուսակցությունն ասում են, որ ընտրություններն անցել են ցուցադրաբար լավ և խաղաղ մթնոլորտում։ Ընդունում են խախտումների միայն առանձին փաստեր և խոստանում են, որ արագ կհետաքննվեն։