Ջրհեղեղների պատճառով եռօրյա սուգ է հայտարարվել

Ջրհեղեղների պատճառով եռօրյա սուգ է հայտարարվել


Ջրհեղեղներն ամենաշատը հարվածել են Վալենսիային:

Իսպանիայի կառավարությունն այսօրվանից՝ հոկտեմբերի 31-ից, եռօրյա սուգ է հայտարարել՝ կապված ջրհեղեղի զոհերի մեծ թվի հետ։ Առավել տուժել են երկրի արևելքում գտնվող Վալենսիայի շրջանը և նրա վարչական կենտրոնը՝ Վալենսիա քաղաքը։

Հոկտեմբերի 30-ի գիշերվա տվյալներով զոհվել է 95 մարդ։ 92՝ Վալենսիայում, 2՝ Կաստիլիա-Լա Մանչայում և 1՝ Անդալուսիայում։ Իսպանիայի իշխանությունները ակնկալում են, որ զոհերի թիվը կավելանա։

Երեքշաբթի՝ հոկտեմբերի 29-ին, հորդառատ անձրևներ են սկսվել, որոնց հաջորդել են հեղեղումները։ Օդերեւութաբանների տվյալներով՝ Վալենսիայի որոշ շրջաններում տեղումների տարեկան նորման եկել է ութ ժամում։

Ջրհեղեղները ավերել և վնասել են տներ և այլ շինություններ, ճանապարհներ, կամուրջներ, էլեկտրահաղորդման գծեր և այլ ենթակառուցվածքներ։ Ուռած գետերը ցեխով ու աղբով են լցվել բնակավայրերը։
Բնական աղետի տարածք Իսպանիայի Կաստիլիա-Լա Մանչա շրջանի Լետուր քաղաքում
Ըստ իսպանական ԶԼՄ-ների՝ Քաղաքացիական պաշտպանության ծառայությունը քաղաքացիներին զգուշացրել է վերահաս վտանգի մասին միայն հոկտեմբերի 29-ի երեկոյան ժամը 9-ին, երբ բազմաթիվ բնակավայրեր արդեն հեղեղված են եղել։

Շատ իսպանացիներ սոցցանցերում քննադատում են իշխանություններին ոչ միայն վաղ ահազանգման համակարգի անարդյունավետության, այլ նաև աղետի հետևանքների վատ արձագանքման համար։
Աղետի գոտում որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում են Իսպանիայի զինված ուժերի զինվորականներն ու ավիացիան։ Անօդաչու սարքերով փնտրում են նաեւ անհայտ կորածներին։

Իսպանիայի պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսը բնական աղետն աննախադեպ է անվանել։

Հոկտեմբերի 30-ին Իսպանիայի արեւելքում եղանակը բարելավվել է, սակայն օդերեւութաբանական ծառայությունը քաղաքացիներին զգուշացրել է, որ հորդառատ անձրեւ է սպասվում հյուսիս-արեւելքում՝ Կատալոնիայում։

რადიოთავისუფლება