Հոկտեմբերի 27-ին Երևանում կայացավ կիոկուշին կարատեի Եվրոպայի 36-րդ բաց առաջնությունը։ Օրոջալարից Հելբերտ Նորսոյանը, ով ներկայացնում էր Հայաստանը, 4 մենամարտ է ունեցել առաջնությունում, որոնցից 1-ը Բուլղարիայի ներկայացուցչի և 3-ը Ղազախստանի ներկայացուցիչների հետ և պատվով հաղթահարել է դրանք։
Հելբերտ Նորսոյանը 70 կգ քաշային կարգում դարձել է Եվրոպայի չեմպիոն, ոսկե մեդալակիր։
Հելբերտը բազմաթիվ հաղթանակներ է տարել տարբեր մրցաշարերում։ Նա կարատեով սկսել է հետաքրքրվել մանկուց և 9 տարի շարունակ այս մարզաձևը դարձել է նրա կյանքի անբաժանելի մասը։ Հելբերտը սկսել է մարզվել Վրաստանում՝ Նինոծմինդա քաղաքում՝ մարզիչ Սամվել Դարբինյանի ղեկավարությամբ, իսկ Երևան տեղափոխվելուց հետո Հելբերտը դարձել է Արմեն Քսպոյանի սանը։
Հիշեցնենք, որ հուլիս ամսին Բուլղարիայում կիոկուշին մարտարվեստի ոլորտում տեղի ունեցած աշխարհի առաջնությունը Հելբերտ Նորսոյանի առաջին մեծ մրցույթն էր, որի ժամանակ գրավել էր 3-րդ հորիզոնականը։ Ապագայում Հելբերտը նախատեսում է մասնագիտորեն զբաղվել կարատեով, քանի որ այս ոլորտը իր համար շատ հոգեհարազատ է։
«Ճիշտ է մենամարտը շատ դժվար էր, հակառակորդը նույնպես ուժեղ էր, սակայն ամեն ինչ շատ լավ ստացվեց, մեծ դժվարությամբ ու մեծ փորձով կարողացա հաղթել մրցակցիս» ,- նշում է Հելբերտ Նորսոյանը իր տված հարցազրույցում։
Տես նաև տեսանյութը․