Վրաստանում նախընտրական շրջանում և ընտրությունների օրը կատարված հանցագործությունների առումով հետաքննություն է սկսվել

Վրաստանում նախընտրական շրջանում և ընտրությունների օրը կատարված հանցագործությունների առումով հետաքննություն է սկսվել

Վրաստանի դատախազությունը, ՆԳՆ-ն և Հատուկ քննչական ծառայությունը սկսել են 47 քրեական գործով նախընտրական շրջանում և ընտրությունների օրը կատարված ենթադրյալ հանցագործությունների փաստերի հետաքննությունը։ Խոսքը գնում է ընտրակեղծիքների, ընտրողի կամքի վրա ազդեցության, քվեարկության գաղտնիության խախտման, ընտրակաշառքի, լրագրողական գործունեությանը խոչընդոտելու, բռնության և սպառնալիքների, գույքի վնասման և ոչնչացման մասին, հայտնում է դատախազությունը։

«Հետաքննության մեկնարկը հիմնված է ընդդիմադիր և իշխող կուսակցությունների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և հասարակական կազմակերպությունների դիմումների, ինչպես նաև լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկատվության վրա։

Քննչական մարմիններն ակտիվորեն կանչում և հարցաքննում են ընտրական գործընթացի ընթացքում կատարված ենթադրյալ հանցագործությունների մասին տեղեկացված անձանց։ Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, ուսումնասիրվում են տեսագրություններն ու պարզվում են ինքնությունը, կատարվում են համապատասխան քննչական և դատավարական գործողություններ։

Հասարակության բարձր հետաքրքրությունից ելնելով տեղեկացնում ենք, որ Մառնեուլիի 69-րդ ընտրատեղամասում ընտրակեղծիքների համար ձերբակալվել է երկու անձ։

Հարկ է նշել, որ մի շարք դեպքերում անձինք, ովքեր հրապարակայնորեն պնդում են, որ ունեն տեղեկություններ և ապացույցներ՝ կապված ընտրական գործընթացի ընթացքում կատարված ենթադրյալ հանցագործությունների հետ, չեն համագործակցել հետաքննության հետ և հրաժարվել են տրամադրել համապատասխան տեղեկատվություն, ինչը խոչընդոտել է հետաքննության ընթացքին։

Վրաստանի դատախազությունը կոչ է անում նրանց անհապաղ զեկուցել քննչական մարմիններին և համագործակցել՝ ապահովելու արագ, արդյունավետ և օբյեկտիվ հետաքննություն»,- ասված է գերատեսչության գրավոր հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Վրաստանի դատախազությունը հետաքննություն է սկսել Վրաստանում ընտրությունների ենթադրյալ կեղծիքի վերաբերյալ, նախագահը հրավիրվել է վարչություն՝ հարցաքննության, սակայն Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ մտադիր չէ ներկայանալ դատախազություն։