Ռուսական հեռուստաալիքները հսկայական գումար են պահանջել Google-ից YouTube-ի հաշիվների արգելափակման պատճառով։
Խոսքը 2 ունդեցիլիոն ռուբլու մասին է (ունդեցիլիոն 36 զրո ունեցող միավոր է, այսինքն՝ 2,000,000,000,000,000,000,000,000,000,000,000,000)։
17 հեռուստաալիքների պահանջած գումարը հրապարակվել է հոկտեմբերի 28-ին կայացած դատական նիստում։ Դատավորը հայտնել է, որ ինքը դիտարկում է «շատ ու շատ զրոներով գործ»:
Տուգանքը սահմանվել է YouTube-ում հաշիվների վերականգնման պահանջը չկատարելու համար։ Խոսքը «Զվեզդա», «Առաջին ալիք», «Ռոսիա-1», «Ռոսիա-24», НТВ, «TV Center» և այլ հեռուստաալիքների մասին է։ Տուժածների թվում է նաև անհատ ձեռնարկատեր Սիմոնյանը, որը ներկայացնում է հեռուստահաղորդավարուհի Մարգարիտա Սիմոնյանի YouTube ալիքը։
Նախկինում, ի պատասխան ալիքների պնդումների, դատարանը Google-ին պարտավորեցրել էր վերականգնել մուտքը YouTube-ի աքաունթներին, հակառակ դեպքում ընկերությանը սպառնում էր տուգանք։ Որոշման համաձայն՝ պահանջը չկատարելուց ինը ամիս անց յուրաքանչյուր օրվա համար գանձվելու էր 100 հազար ռուբլի տուգանք։ Ամեն շաբաթ գումարը կրկնապատկվում է։
Google-ն արգելափակել է մեծ թվով ռուսական հեռուստաալիքներ YouTube-ում 2022 թվականին։ Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը հայտնաբերել է, որ ընկերությունը խախտել է «Մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հոդվածը։
Այդ ժամանակ Google-ը տուգանվել է 4 միլիարդ ռուբլով: Ընկերությունը «Ցարգրադ» հեռուստաալիքին, որն արգելափակվել էր դեռ 2020 թվականին, վճարել է 1 միլիարդ ռուբլի։
2 ունդեցիլիոն ռուբլի տուգանքը ահռելի գումար է։ Ամբողջ Google ընկերության արժեքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ գնահատվում է մոտավորապես 2 տրիլիոն դոլար, որը մոտավորապես հավասար է 195 տրիլիոն ռուբլու (մեկ տրիլիոնը միավորն է, որին հաջորդում է 12 զրո): Համեմատության համար նշենք, որ Ռուսաստանի 2025-2027 թվականների եռամյա բյուջեի նախագծի համաձայն՝ 2025 թվականին երկրի բյուջեի եկամուտները կկազմեն 40,3 տրիլիոն ռուբլի։