Ամեն տարի Վրաստանի տարբեր շրջաններից հազարավոր ոչխարներ են տեղափոխվում Նինոծմինդայի մունիցիպալիտետի արոտավայրեր։ Մունիցիպալիտետի արոտավայրերը շատ կարևոր են եկվորների համար՝ ապահովելով ոչ միայն խոտի առատություն և արածեցման հարմարություններ, այլև հնարավորություն են տալիս ֆերմերներին մեծացնել իրենց անասնապահական արտադրությունը։
Վերջին տարիներին նկատվում է, որ ոչխարների քանակը, որոնք բերվում են Նինոծմինդայի արոտավայրեր, ավելանում է։ Սա ցույց է տալիս, որ Նինոծմինդայի շրջանի արոտավայրերն ունեն մեծ ներուժ և կարող են ծառայել որպես երկրի անասնապահական տնտեսության կարևոր օղակներից մեկը։
Այս ամենի հետ մեկտեղ մեծ խնդիր է հանդիսանում շրջակա միջավայրում մաքրության պահպանությունը։ Եկվորները մեծ քանակությամբ ու տարբեր տեսակի աղբ են թողնում արոտավայրերում և իրենց կացարանների մոտ։ Աղբը հերիք չէ, դրան մի բան էլ գումարվում է ոչխարների բուրդը, որը աշնանախուզից հետո լցնում են ուր պատահի։
NOR-ի լրագրողները նոյեմբերի 2-ին զբոսաշրջային այցով այցելել էին մունիցիպալիտետի տեսարժան վայրերից մեկը` Պուզ աղբյուր, որը գտնվում է Մադաթապա լճից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, Քաչալ սարի ստորոտին։
Ճանապարհին մեզ եկվորների երկու կացարան հանդիպեց։ Եկվորները արդեն լքել էին իրենց կեցավայրերը՝ տեղում թողնելով մեծ քանակությամբ աղբ և հսկայածավալ բրդի զանգվածներ։
Բացի այդ Պուզ աղբյուրի տարածքը վերածված է աղբանոցի։ Յայլավորները այդ տարածքում տեղադրել են երկաթյա սեղաններ և աթոռներ, որտեղ նշում են իրենց տոները։ Այստեղ ևս աղբի պակաս չկա, պլաստմասե և ապակյա շշեր, պոլիէթիլենային տոպրակներ, միանգամյա օգտագործման ափսեներ, բաժակներ, գարեջրի շշեր, վրանների պատառոտված հատվածներ, պատառոտված հագուստներ, կոշիկներ, մանկական տակդիրներ, մի խոսքով վերոնշյալ տարածքում աղբի պակաս չկա։
Հայտնի չէ, թե արդյո՞ք եկվորները զգուշացվում են այս առումով, կամ ո՞վ է պատասխանատու այս ամենի համար, ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում այս ուղղությամբ, կամ ո՞վ է պատասխանատու, որ Նինոծմինդայի վարձակալությամբ տրված արոտավայրերն ու տարածքները մաքուր պահվեն։
Եթե այս խնդրին լուծում չտրվի, կամ եկվորները խիստ չզգուշացվեն ապա շատ կարճ ժամանակահատվածում Նինոծմինդայի արոտավայրերը, մոտակա բնակավայրերը, տեսարժան վայրերը կվերածվեն աղբանոցի եկվորների կողմից։
Նինոծմինդայի մունիցիպալիտետը Վրաստանի հարուստ և յուրահատուկ տարածաշրջաններից է, որը հայտնի է իր ալպիական բնությամբ, լեռնային գեղեցիկ լանդշաֆտներով և առատ ջրային ռեսուրսներով։ Շրջանի մաքուր օդը և անկրկնելի բնապատկերները գրավում են բազմաթիվ զբոսաշրջիկների ինչպես Վրաստանից, այնպես էլ արտասահմանից։ Այստեղ այցելուները կարող են լիարժեք վայելել բնական լեռնային գոտիների հմայքը, տեսարժան վայրերը և հանգստանալ ջրային ակունքների մերձակայքում՝ միաժամանակ հիանալով տարածաշրջանի բնապատմական ժառանգությամբ։
Նինոծմինդայի բնապատկերը ոչ միայն գեղեցկության աղբյուր է, այլև՝ սերունդների համար փոխանցվող արժեք։
Մունիցիպալիտետի զարգացման տեսանկյունից կարևոր է հաշվի առնել բնության պահպանման հարցերը։ Թեև զբոսաշրջային մեծ հետաքրքրությունը և եկվորների հոսքը նպաստում են տնտեսական աճին, սակայն առկա է նաև շրջակա միջավայրի աղտոտման խնդիրը։ Հատկապես արոտավայրերի ու զբոսաշրջային վայրերի մոտակայքում։
Այսօր Նինոծմինդայի մունիցիպալիտետի համար մեծ նշանակություն ունի ոչ միայն զբոսաշրջության խթանումը, այլև այնպիսի մեխանիզմների ներդրումը, որոնք կօգնեն պահպանել շրջակա միջավայրը մաքուր ու ապահով՝ ապագա սերունդներին փոխանցելու համար։