Շուշաննա Վարդանյանը 20 տարեկան է: Նա ծնվել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մամզարա գյուղում։ Հաճախել է գյուղի դպրոցը, սովորել գերազանց առաջադիմությամբ։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Վրաստանի պետական համալսաարան, ուզում է դառնալ վրաց լեզվի մասնագետ։ Համալսարան ընդունվել է 1+4 ծրագրով։ Չսիրելով միապաղաղ ուսանողական կյանքը՝ չի սահմանափակվում միայն համալսարանական գիտելիքներով. նա մասնակցում է տարբեր թրեյնինգների, ծրագրերի, կատարում է կամավորական աշխատանքներ։
«Ես կարծում եմ, որ մարդ չպետք է բավարարվի այն ամենով, ինչ ունի, պետք է միշտ ձգտել ավելիին, պետք է լինել նպատակասլաց։ Ես ինքս համալսարան ընդունվել եմ 1+4 ծրագրով, լեզվի ոչ բավարար իմացության պատճառով բախվել եմ շատ խնդիրների, բայց երբեք չեմ հանձնվել, եղել եմ ինքնուս, համալսարանի տված գիտելիքները ինձ համար եղել է շատ քիչ, դրա համար երբեք էլ չեմ բավարարվել նրանով, ինչ ունեցել եմ։ Այժմ իմ միակ նպատակն է սովորել և դառնալ երկրիս արժանի քաղաքացի»,– նշում է Շուշաննան NOR-ի հետ զրույցում։
Շուշաննան նաև սիրում է ստեղծագործել։ Նա փոքր տարիքից՝ դեռ չորորդ դասարանից սկսել է գրել բանաստեղծություններ։ Առաջին ստեղծագործությունները հիմնականում եղել են մարդկանց անվան տառերով (աքրոստիկոսներ), հիշում է, երբ ինչ-որ ծնունդ կամ առիթ էր լինում, մարդկանց շնորհավորում էր իր իսկ ստեղծագործություններով։
Ժամանակի հետ սկսել է ավելի կատարելագործվել, սկսել է ստեղծագործել ավելի հասուն ոճով։ Ստորև ներկայացնում ենք նրա ստեղծագործություններից.
Շատ բան պետք չի երջանկության համար,
Հերիք է ունենալ մայր՝ ինչպիսին դու ես,
Դու իմ կյանքի կարևոր մասնիկ,
Ի՜մ մայր քեզնով եմ ես երջանիկ։
Թե մի տեղ ես թերացել եմ,
Մայրս է ինձ ճիշտ ուղի տվել,
Թե մի տեղ էլ սխալվել եմ,
Մայրս է կողքիս կանգնել։
Ու թե աշխարհում, հազարին տեսնեմ
Էլի ես քեզ մա՜յր կկոչեմ,
Քեզնից այն կողմ ո՛չ ոք չկա,
Մայր ի՛մ միակն ես աշխարհի վրա։
Եթե մի օր էլ ընտրության առաջ կանգնեմ,
Ապրել առանց մոր, թե՞ մեռնել նրա համար,
Առանց վարանելու ես կբղավե՜մ
Մորս կյանքից թա՛նկ ես ոչի՛նչ չունեմ։
Այս բանաստեղծությունը գրել է դեռևս 15 տարեկան հասակում։
«Հիմնականում ես սկսում էի ստեղծագործել այն ժամանակ, երբ դրսում անձրև էր լինում, ինձ համար ստեղծում էի փոքրիկ անկյուն, նստում էի պատուհանագոգին, դուրս նայում և սկսում ստեղծագործել։ Շատ է եղել, երբ մոտս չի ստացվել, բայց երբեք չեմ հուսահատվել միշտ շարունակել եմ գրել: Ասում են, թե մարդու մուսան երբ գա, պետք է գրի, որ մտքի թելը չկտրվի։ Իմ մոտ այդ մուսա ասվածը չի գալիս ու գնում, երբ ես որոշում էի ինչ-որ բան գրել, ես ուղղակի նստում էի, գրիչը վերցնում էի ձեռքս և սկսում շարադրել այն, ինչ ինձ հարազատ էր։ Մարդկանց այդ անհավատ լինելը իմ ձիրքի հանդեպ` ինձ էլ ավելի է մոտեցնում իմ նպատակին»,- ասաց Շուշաննան։
Հետագայում նա ուզում է անպայման հրատարակել իր գործերը, բանաստեղծությունները և պատմությունները։ Ստեղծագործելը Շուշաննայի համար հոգու հանգստություն է, բացի հայերենից փորձում է նաև ստեղծագրծել այլ լեզուներով, որոնցից առաջինը վրաց լեզուն է։
Կանգ առ ակնթարթ այդ ուր ես շտապում
Տանում ես քեզ հետ օրերն իմ սիրուն
Կանգ առ ակնթարթ ես չեմ հասցնում
Ժամանակը արագ թռչում է անցնում։
Կանգ առ ակնթարթ գոնե մեկ վարկյան
Թող հոգին իմ նորից մանկանա
Ուզում եմ նորից թռչկոտել վազել
Ուզում եմ նորից ես մանուկ լինել։
Ու ես այսպես էլ կսպասեմ այն պահին
Երբ ժամանակը մի օր կկանգնի
Բայց ավաղ այն գնում է գնում
Ես դեռ սպասում եմ նրա կանգնելուն։
Թե ես սկսեմ խոսել ընկերության մասին`
Բառերն ու տողերը գուցե չհերիքեն,
Սրտիս այն անկեղծ խոսքը ասելու,
Ի՜մ թանկագին ընկեր, քեզ գովերգելու։
Դու եղել ես մի՛շտ իմ կողքին կանգնած,
Քո բարի խրատներով է հոգի՜ս ողողված
Ընկեր իմ բարի ազնիվ ու հպարտ
ԻՆձ հանդիպած հավատարիմ մի մարդ։
Ճակատագիրը քեզ հենց ինձ է նվիրել,
Կյանքիս դրվագները քեզ է վերագրել,
Լավ ու վատ օրե՜ր միասին հաղթահարել,
Նույն սեղանի շուրջ մենք հաց ենք կիսել։
Ու թե աշխարհո՛ւմ հազարին տեսնեմ
Էլի ես ձե՛զ ընկեր կկոչեմ,
Եվ հպարտ նորից առաջ կքայլեմ`
Քանի դեռ մեջքիս ես ձեզ ունեմ։
Այժմ Շուշաննայի միակ նպատակն է սովորել և դառնալ երկրի արժանի քաղաքացի և ինչպես նա է նշում, դեռ շատ կլեսեն իր անունը տարբեր հարթակներում։