Նինոծմինդայի շրջանի Ջիգրաշեն գյուղի մոտակայքում գտնվող աղբանոցում է հավաքվում Նինոծմինդայի և Ախալքալաքի մունիցիպալիտետներից բերված կենցաղային աղբը:
Չնայած նրան, որ Նինոծմինդայի աղբանոցը ցանկապատված է, այնուամենայնիվ քամին աղբը քշել և տարածել է ճանապարհի ամբողջ երկայնքով, այն տարածվել է նաև բնակչների մոտակա արտերը։
Տարիներ շարունակ աղբանոցը խնդիրներ է առաջացնում բնակիչների համար, նամանավանդ ամռան շոգ ամիսներին՝ տարածելով տհաճ հոտ, բացի այդ տարածքում արածող անասունների համար ևս վտանգավոր են պոլիէթիլենային տոպրակները։
Հավելենք, որ Նինոծմինդայի աղբանոցը բացվել է 2015թ.՝ ինը տարի ժամկետով:
Ըստ համացանցում առկա տվյալների, մարդը տարեկան միջինում բաց է թողնում 250 կգ կենցաղային աղբ: Աղբի 25 տոկոսը կազմում են սննդային թափոնները, 5-10 տոկոսը` թուղթը և 50 տոկոսը` պոլիմերները, մնացածն էլ կազմում են ապակին, ռետինը, կտորեղենը և այլն: Օրինակ, թղթե թափոնների բնական քայքայման համար անհրաժեշտ է 1-5 տարի, ալյումինե տարաների, մարտկոցների համար՝ 200 տարի, ապակու համար՝ 1000-ից ավելի տարի։ Պոլիէթիլենային տոպրակները միջինում օգտագործվում են 1-20 անգամ, սակայն քայքայվում են 100-450 տարում։
Նշենք նաև, որ մեր ժամանակների ամենատարածված խնդիրներից մեկը պլաստիկ աղբի տարածվածությունն է։ Պլաստիկ նյութերը՝ շշերը, տոպրակները, տարաները, թափոնները մեր առօրյա կենսագործունեության մի մասն են կազմում։
Եկե՛ք պահպանենք և մաքուր պահենք բնությունը այնպես, ինչպես մաքուր ենք պահում մեր տներն ու բնակարանները։
դիտել նաև տեսսանյութը․