Վրաստանի ռազմավարական վերլուծության կենտրոնի (GSAC) դրամաշնորհների թիմի ղեկավար Նուկի Դարասելիան քննադատում է «Օտարերկրյա գործակալների» օրենքը, որը սպառնում է «ոչ միայն ոչ կառավարական կազմակերպություններին, այլև այն շահառուներին, որոնց այդ հասարակական կազմակերպությունները աշխատում են օգնելու համար։
Օրինակ՝ Նուկին վկայակոչում է հաշմանդամներին, ֆերմերներին և այլոց. «Օտարերկրյա գործակալների» օրենքը երկրի համար տարիների ընթացքում քաղաքացիական հասարակության աշխատանքը ոչնչացնելու երաշխիք է», կարծում է Նուկին և ընդգծում այն փաստը, որ օրենքը ուղղակիորեն հակասում է Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հեռանկարին:
«Քանի դեռ այս օրենքը գործում է, Վրաստանը երբեք չի դառնա Եվրամիության անդամ»։
Վերջինս, նրա կարծիքով, խոչընդոտում է այն բոլոր առաջընթացին, որը երկիրը ապրել է վերջին տարիներին և դեմ է Վրաստանի Սահմանադրության մեջ նշված նպատակին՝ երկրի եվրաինտեգրմանը։
Նուկի Դարասելիանիի կազմակերպությունը՝ GSAC-ը, մի շարք հաջողված ծրագրեր է իրականացրել Ջավախքում։ Նրանց հիմնական նպատակը ապատեղեկատվության դեմ պայքարելն ու տեղի բնակչությանը տեղեկացնելն էր։
«Այս նախագծերն իրականացվել են ՆԱՏՕ-ի Հանրային դիվանագիտության դեպարտամենտի եւ Լեհաստանի դեսպանատան աջակցությամբ։ Այս օրենքի պայմաններում նմանատիպ նախագծերի իրականացումը կարող է դադարեցվել»,- իր կարծիքն է կիսում Նուկի Դարասելիան։
«Խափանում է սպասվում նաեւ միջազգային դոնորներից։ Չնայած մեր նախագծերը կենտրոնացած են սոցիալական խնդիրների լուծման վրա, սակայն նրանք, ովքեր տրամադրում են այդ աջակցությունը, այժմ պիտակվում են որպես օտարերկրյա ազդեցություն տարածող: Սա կարող է բացասական ազդեցություն ունենալ նման ծրագրերը ֆինանսավորող դոնորների վրա»։
Չնայած այս խոչընդոտներին, Դարասելիան վստահ է, որ միջազգային կազմակերպությունները և դեսպանատները կշարունակեն աջակցել, քանի որ Վրաստանում քաղաքացիական հասարակությունը շատ ակտիվ է և էական ազդեցություն ունի երկրի զարգացման վրա։
«Երբ քաղաքացիական հատվածը ճգնաժամի մեջ է, դոնորները միշտ գտնում են ձեզ աջակցելու ուղիներ»:
Դարասելիան կոչ է անում ոչ կառավարական հատվածին ծառայել գաղափարին և շարունակել աշխատել՝ չնայած ֆինանսական և վարչական դժվարություններին։
«Մենք, աշխատելով ոչ պետական հատվածում, աշխատում ենք այն գաղափարի համար, որ մեր բնակչությունը նորմալ վիճակում ապրի։ Մենք պետք է շարունակենք այս պայքարը, քանի որ այն լավ գործ է, որին տարիներ շարունակ ծառայում ենք, պետք չէ դադարեցնել»։
«Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Ռուսաստանում առաջին անգամ ընդունվել է 2012 թվականին, և այն ուղղակիորեն հակասում է երկրի ժողովրդավարական ինստիտուտների գործունեությանը։
Այս անգամ Վրաստանում համանման օրենքը նախատեսում է օտարերկրյա ֆինանսավորմամբ կազմակերպությունների գրանցումը որպես գործակալ հատուկ պետական ռեգիստրում։ Սա խարանում է նրանց աշխատանքը:
Պետական այս մեխանիզմն օգտագործվում է քաղաքացիական հասարակությանը ենթարկեցնելու, նրա նկատմամբ անվստահություն սերմանելու համար։ Վրաստանի համար այս օրենքի ընդունումը կբերի նույն արդյունքին, ինչ Ռուսաստանում քաղաքացիական սեկտորի ճնշման դեպքում՝ վարկաբեկում, ֆինանսական դժվարություններ և ռեպրեսիվ քաղաքականություն։