13 տարեկանը՝ երիտասարդ, 35-ից հետո՝ այլևս ոչ․ նոր նախագիծ

13 տարեկանը՝ երիտասարդ, 35-ից հետո՝ այլևս ոչ․ նոր նախագիծ

ՀՀ Կառավարությունը հավանություն է տվել «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծին։ Փոխանցում է radioaurora-ն։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ երիտասարդների ինքնիրացման համար նպաստավոր միջավայրի ստեղծման քայլեր են արվում։ Ըստ Անդրեասյանի՝ մինչ այս պետությունը չի ունեցել համապարփակ օրենսդրություն, որը կներկայացներ երիտասարդական քաղաքականությունը, թիրախներն ու շահառուներին, և այս նախագիծը կգա լրացնելու բացը։

«2022-ից մեկնարկելով՝ կառավարության, համայնքների և մասնավոր ոլորտի համագործակցությամբ, մարզերում ձևավորվել է հինգ կենտրոն՝ Ապարանում, Դիլիջանում, Մեղրիում, Իջևանում և Վանաձորում: Այս տարի դրանց կավելանա ևս չորս կենտրոն տարբեր մարզերում, հաջորդ տարիների պլաններում նախատեսված է ևս 6 կենտրոնի ձևավորում»,– ասել է նախարարը։

Մյուս տարի կմեկնարկի բազմաֆունկցիոնալ կենտրոնների ձևավորումը՝ երիտասարդական կենտրոնի, մշակույթի տան, համայնքային գրադարանի ձևաչափերով։

Օրենքի նախագծով երիտասարդների տարիքային շեմ է առաջարկվում սահմանել 13-35 տարեկանը։

«Հիմք են ընդունվել բազմաթիվ հանգամանքներ, որոնք մանրամասնորեն ներկայացված են օրենքի փաթեթի հիմնավորման տեղեկանքում և հիմնված թե միջազգային պրակտիկայի, թե մեր հասարակության ժողովրդագրական իրավիճակի հանգամանքների վրա»,– ասել է նա։