Դեկտեմբերի 20-ին, Թբիլիսիի թիվ 98 դպրոցի տոնականորեն զարդարված դահլիճում փոխհամագործակցության մասին պայմանագիր է կնքվել Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի եւ Թբիլիսիի թիվ 98 հանրային դպրոցի միջեւ:
Վիրահայոց Թեմի մամլո դիվանից NEWS.am-ին հայտնում են, որ պայմանագրի նպատակների իրականացման համար կողմերը պայմանավորվել են համագործակցել կրթական բնագավառում եւ պլանավորել անցկացնել համատեղ միջոցառումներ: «Հայարտուն» մշակույթի կենտրոնը ստանձնել է դպրոցի սովորողների համար հայոց լեզվի անվճար դասաժամեր անցկացնելու պարտավորություն, մայրենիի տարածման համար մշակել եւ իրականացնել ուսումնական եւ կրթական նախագծեր, ինչպես նաեւ այլ միջոցառումներով նպաստել հայ մշակույթի եւ ավանդույթների զարգացմանը եւ տարածմանը:
Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի անունից պայմանագիրը ստորագրել է համակարգող Լեւոն Չիդիլյանը, իսկ թիվ 98 հանրային դպրոցի անունից՝ տնօրեն Գիորգի Մոմցելիձեն: Հանդիսավորապես ստորագրված պայմանագրով չեն սահմանափակվում համագործակցության տեսակները եւ շրջանակները եւ պայմանագիրը ստորագրված է անսահմանափակ ժամկետով:
Այնուհետեւ կայացել է ճոխ համերգ, որին մասնակցել են «Անի» պարային համույթը (պարուսույց Անգելինա Նազարյան-Քոչյան) եւ մեներգիչ Հենրիխ Պետրոսյանը: Նշենք, որ Թբիլիսիի թիվ 98 դպրոցի 1100 աշակերտներից շուրջ 800-ը հայեր են, իսկ մանկավարժական կոլեկտիվի շուրջ 80 տոկոսը նույնպես հայեր են:
NEWS.am