Ջավախքի ձայնը» երգի մրցույթի հաղթողը Արսեն Աղջոյանն է

Ջավախքի ձայնը» երգի մրցույթի հաղթողը Արսեն Աղջոյանն է

Ջավախքին աջակցություն հիմնադրամը տեղեկություն է տարածում «Ջավախքի ձայնը» երգի մրցույթ-փառատոնի հաղթողների մասին։

«Նոյեմբերի 8-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցավ «Ջավախքի ձայնը» երգի մրցույթ-փառատոնի գալա համերգը։

Ջավախքում տեղի ունեցած երաժշտական մրցույթի 17 լավագույն մասնակիցները «Ջավախքի ձայնը» խորագիրը կրող համերգային ծրագրով հանդես եկան Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի հետ:

Երկու տարիքային խմբերից ընտրվեցին առաջին, երկրորդ և երրորդ հորիզոնականների մրցանակակիրներ։

Արսեն Աղջոյանը ստացավ «Գրան պրի» մրցանակը և ճանաչվեց «Ջավախքի ձայնը»-ի հաղթող։ Նշենք, որ Արսենը Նինոծմինդայից է։

Հաղթող մասնակիցները ստացան դրամական պարգև, գավաթ, վկայական, և արժեքավոր մրցանակներ` AWI International-ից հայկական արտադրության ձեռքի ժամացույցներ, «Բեսթ ռեզորթ Աղվերան» հյուրանոցում 3-օրյա հանգիստ, «Mega dent» ստոմատոլոգիական կլինիկայից նվեր քարտ և զեղչ, «Խինկալի 13» ռեստորանից հյուրասիրություն։ Եվ որ ամենակարևորն է՝ բարերարների (Գլխավոր հովանավորներ՝ Բաբկեն Ասատրյան, Գայանե Մանուկյան, հովանավորներ՝ Գրիգոր Տաշչյան, Արարատ Անտոնյան) շնորհիվ նրանց համար կնկարահանվի տեսահոլովակ։ «Գործարար ալիք 106,5» ռադիոն հանդիսացավ նախագծի ինֆորմացիոն հովանավորը։

Ստորև ներկայացնում ենք հաղթող մասնակիցների անունները՝
6-14 տարիքային խումբ՝

  • Առաջին հորիզոնական՝ Մոսես Մկրտչյան
  • Երկրորդ հորիզոնական՝ Բաբկեն Բերակչյան և Ջուլիետա Մելքոնյան
  • Երրորդ հորիզոնական՝ Աղուն Ունանյան և Անահիտ Ասլանյան:

15-30 տարիքային խումբ

  • Առաջին հորիզոնական՝ Արմեն Տաշչյան
  • Երկրորդ հորիզոնական՝ Արեգնազ Մկրտչյան
  • Երրորդ հորիզոնական՝ Մարսել Դիմաքսյան և Արտյոմ Աստատուրյան:

Հատուկ մրցանակներ

  • «Հանդիսատեսի համակրանք»-Արտյոմ Աստատուրյան
  • «Փառատոնի բացահայտում»-Ամալյա Բաբայան
  • «Լավագույն ջիվանիական կատարում» Ռաֆիկ Նանայան
  • «Լավագույն սայաթնովյան կատարում»-Արմեն Տաշչյան
  • «Լավագույն բեմական կերպար»-Իրինա Շիպակցյան:

Մրցանակային տեղեր չզբաղեցրած բոլոր մասնակիցները ստացան հավաստագրեր:

Նվագախմբի հետ մրցույթի երգիչները կատարեցին աշուղական, ժողովրդական, դասական և կոմպոզիտորական երգեր:

Ծրագիրն իրականացրել է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Մավր Մկրտչյանի հետ համատեղ։ Ծրագրին աջակցել է Վրաստանում ՀՀ դեսպանությունը, Ախալքալաքի և Նինոծմինդայի քաղաքապետարանները։ Համերգն իրականացվել է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի հետ համագործակցությամբ:

Նախագծի ժյուրիի անդամներն էին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, օպերային երգիչ Ալեքսանդր Թամազովը, դաշնակահար, կոմպոզիտոր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ Կարեն Անանյանը, դասական երգչուհի, Սայաթ-Նովա երաժշտական դպրոցի դասախոս Շուշանիկ Հովհաննիսյանը, ջավախքցի երգիչ Արմեն Մկոյանը, ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանը, երգիչ Վարդան Բադալյանը և լրագրող, դիզայներ Գայանե Մանուկյանը։

Նշենք նաև, որ մրցույթն անցկացվում է առաջին անգամ և իր տեսակով բացառիկ է Ջավախքում»,-հայտնում է ՋԱՀ-ը: