ԿԳ նախարարության պատասխանը Ժդանովականի դպրոցի մասին NOR-ի նամակին

ԿԳ նախարարության պատասխանը Ժդանովականի դպրոցի մասին NOR-ի նամակին

NOR ռադիոկայանը սեպտեմբերի 24-ին հայտնել էր, որ Ժդանովականի հանրային դպրոցը վթարային լինելու պատճառով փակվում է։ Դպրոցը վթարային է համարվել դասապրոցեսը սկսվելուց հետո 8 օր անց։ Մինչդեռ ամառային արձակուրդներին այդ մասին ոչ մի բան չէր հայտարարվել։

NOR ռադիոկայանը Վրաստանի Կրթության և գիտության նախարարությանը տեղյակ պահելու համար և որոշակի տեղեկատվություն ստանալու համար պաշտոնական նամակով դիմել էր նախարարություն։ Մասնավորապես NOR ռադիոկայանին հետաքրքրում էր թե Ժդանովականում երբ կկառուցվի նոր դպրոց, կամ կվերանորոգվի հինը, ինչին նախարարությունը չի պատասխանել։

Ստորև ներկայացնում ենք NOR ռադիոկայանի նամակը և նախարարության պատասխանը.

«Պարոն Ալեքսանդր Ծուլաձե` Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ժդանովի գյուղի հանրակրթական դպրոցը, որտեղ սովորում է 82 աշակերտ, ուսումնական տարվա սկզբից 8 օր անց՝ այս տարվա սեպտեմբերի 24-ին, փակվել է վթարային լինելու պատճառով։ Մինչդեռ ամառային արձակուրդների ընթացքում վթարային լինելու մասին չի հայտարարվել։

Ժդանովի հանրակրթական դպրոցի աշակերտներին տեղափոխել են հարեւան Սամեբա գյուղի հանրակրթական դպրոց։

Ժդանով և Սամեբա գյուղերը ձմռանը կլիմայական խիստ պայմաններ ունեն։ Լինում են դեպքեր, երբ ճանապարհը օրերով փակ է լինում ձյան մինչև 2 մետրի հասնող շերտի պատճառով։

Այս տեսանկյունից էթնիկ հայերով բնակեցված Ժդանովի գյուղի աշակերտները նորմալ պայմաններում կրթություն ստանալու վտանգի առաջ են։

Խնդրում ենք հրապարակայնորեն բաց տեղեկատվություն տրամադրել, թե նախարարությունն ինչ է անելու այս ուղղությամբ, և խնդրում ենք հստակ տեղեկատվություն, թե երբ կկառուցվի Ժդանովում նոր դպրոց, կամ երբ կվերանորոգվի հինը, ինչը շատ անհրաժեշտ է»։

NOR ռադիոկայանի նամակին պատասխանել է Կրթության և գիտության նախարարության ենթակառուցվածքների զարգացման գործակալության տնօրեն Իրակլի Կուպրավան։ Նամակի բովանդակությունը ստորև.

«Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ժդանով գյուղի հանրակրթական դպրոցի տեխնիկական վիճակը տեղում ուսումնասիրվել է Կրթության և գիտության ​​ենթակառուցվածքների զարգացման գործակալության մասնագետների կողմից, ինչի արդյունքում պարզվել է, որ դպրոցի տանիքը վնասված է և վերականգնման կարիք ունի։ Հաշվի առնելով վերոգրյալը, Վրաստանի օրենսդրությամբ սահմանված անվտանգության պաշտպանության նորմերին համապատասխան, գործող դպրոցի շենքում դադարեցվել է ուսումնական գործընթացը և Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ժդանովի գյուղի հանրակրթական դպրոցի աշակերտները տեղափոխվել են Սամեբա գյուղի հանրակրթական դպրոցի շենք, որտեղ նրանց համար ապահովված է անվտանգ և առողջ կրթական միջավայր։

Որպեսզի աշակերտներին հարևան գյուղ չտեղափոխեն, Կրթության և գիտության ​​ենթակառուցվածքների զարգացման գործակալությունը Ժդանովի գյուղի դպրոցի համար այլընտրանքային տարածք է փնտրում», – գրված է նամակում։

Նամակում նախարարությունից չեն պատասխանել դպրոցի վերանորոգման, կամ նոր դպրոցի կառուցման մասին NOR ռադիոկայանի հնչեցրած հարցին։