Հեղինակ Քրիստինա Մարաբյան.
«Օտար տերությունների շահերն իրականացնող կազմակերպությունների ռեեստրում» արդեն գրանցված է 380 հասարակական կազմակերպություն և լրատվամիջոց։ Դրանց թվում կան կազմակերպություններ, որոնք տեղակայված են Սամցխե-Ջավախքում։
Սեպտեմբերի 3-ից ընթանում է «Օտարերկրյա տերության շահերն իրականացնող կազմակերպությունների ռեեստրում» հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների գրանցման գործընթացը։ Գրանցվածների թվում կան կազմակերպություններ, որոնք աշխատում են երիտասարդների հետ առողջապահության, վերարտադրության և այլ թեմաների ուղղությամբ։ Գրանցված են նաև կազմակերպություններ, որոնք օգնում են հաշմանդամություն ունեցող և բռնության ենթարկված անձանց և կան նաև մեդիա կազմակերպություններ։
Սամցխե-Ջավախեթից «Օտարերկրյա գործակալների ռեգիստրում» արդեն գրանցված են կազմակերպություններ Բորժոմիից, Ախալցխայից, Ախալքալաքից։
Օրինակ՝ Ախալցխայի և Ախալքալաքի մեծահասակների կենտրոնները, «Հանդուրժողություն» ՀԿ-ն, «Վրաստանի Հայ օգնության միությունը(ՀՕՄ)», «Կանայք հանուն ապագայի» ՀԿ-ն, «Սամցխե-Ջավախքի մեդիա կենտրոնը», «Սամցխե-Ջավախեթիի դեմոկրատ կանանց համայնքը», «Սամցխե-Ջավախքի սոցիալական զարգացման կենտրոնը» և շատ ուրիշներ:
Վրաստանում օգոստոսի 1-ից ուժի մեջ է մտել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, որը երկրում զանգվածային բողոքի ցույցեր է առաջացրել։ Իրավական նորմը պարտավորեցնում է այն հասարակական կազմակերպություններին ու լրատվամիջոցներին, որոնք իրենց եկամուտների առնվազն 20 տոկոսը ստանում են արտերկրից, գրանցվել Հանրային ռեգիստրի ազգային գործակալությունում։
Օրենքով ընդգրկված կազմակերպությունները պարտավոր են ամեն տարի Արդարադատության նախարարություն ներկայացնել եկամուտների և ծախսերի հայտարարագիր: Այս պահանջներին չհամապատասխանելը կարող է հանգեցնել մեծ տուգանքի:
Չնայած վրացական իշխանությունների պաշտոնական փաստարկին, որ օրենքը ուղղված է երկրի գործերին արտաքին միջամտության դեմ պայքարին, քննադատները պնդում են, որ այն կարող է սպառնալ քաղաքացիական հասարակության անկախությանը և խոչընդոտել ոչ կառավարական կազմակերպությունների բնականոն գործունեությանը:
Այսօր, բացի ԱՄՆ-ից, օտարերկրյա գործակալների վերաբերյալ օրենսդրությունն այս կամ այն ձևով, բայց ավելի ազատական, քան ամերիկյանը, գործում է Մեծ Բրիտանիայում, Իսրայելում, Ավստրալիայում և այլ երկրներում:
Ռուսաստանում «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը ընդունվել է 2012 թվականին և պաշտոնապես կոչվում է 2012 թվականի հուլիսի 20-ի «Թիվ 121-FZ դաշնային օրենք», որը փոփոխում է «Ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքը։ Այս օրենքը պահանջում է, որ ոչ կառավարական կազմակերպությունները (ՀԿ-ները), որոնք ստանում են օտարերկրյա ֆինանսավորում և զբաղվում են քաղաքական գործունեությամբ, գրանցվել որպես «օտարերկրյա գործակալներ»:
Հետագա տարիներին Ռուսաստանի իշխանությունները ընդլայնեցին օրենքը: 2014-ին օրենք ընդունվեց, որով պարտադիր էր ոչ միայն ՀԿ-ների գրանցումը, այլև անհատներ, ինչպիսիք են լրագրողները, ակտիվիստները, իրավապաշտպանները և այլք, դարձան «օտարերկրյա գործակալներ». 2017 թվականին Ռուսաստանի իշխանություններն ընդլայնել են «օտարերկրյա գործակալների» ցուցակը՝ ներառելով տարբեր լրատվամիջոցներ, ինչպես նաև արտասահմանյան լրատվամիջոցներ և լրագրողներ, ովքեր աշխատում են Ռուսաստանում:
Ռուսաստանում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը դարձել է այն գործիքներից մեկը, որով Ռուսաստանի իշխանությունները սահմանափակում են խոսքի ազատությունը, քաղաքացիական իրավունքները և հասարակական կազմակերպությունների գործունեությունը։ Այն օգտագործվում է ՀԿ-ների, լրագրողների, իրավապաշտպանների և քաղաքական ակտիվիստների վրա ճնշում գործադրելու համար, որոնց գործունեությունն ընկալվում է որպես պետության պաշտոնական դիրքորոշման հետ անհամապատասխան: Արդյունքում օրենքը հանգեցրեց երկրում անկախ քաղաքական և հասարակական գործունեության հնարավորությունների զգալի կրճատմանը։