18-ին Ախալքալաքիում Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում օմբուդսմենի ներկայացուցիչների և Ախալքալաքիի ու Նինոծմինդայի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների միջև: Հանդիպման նպատակն էր քննարկել երեխաների իրավունքների խախտման դեպքերը և լուծում գտնել դրանց համար:
Հանդիպմանը ներկա էին նաև տեղի Սոցիալական ապահովության գործակալությունների, մանկապարտեզների, դպրոցների, ինչպես նաև UNICEF Վրաստանի ներկայացուցիչները: Օմբուդսմենի գրասենյակին կից Երեխաների պաշտպանության կենտրոնը ներկայացրեց երեխաների իրավունքների խախտման ընդհանուր պատկերը Վրաստանում: Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակը դիտարկում է խախտման 400 գործ:
Հանդիպմանը խոսվեց անչափահաս երեխաների աշխատելու դեպքերի, նրանց ամուսնությունների, մանկական բռնության, սահմանափակ հնարավորություններ ունեցող երեխաների համար կրթության անհասանելիության դեպքերի մասին: Քննարկումների արդյունքում մասնակիցները եկան այն հետևության, որ երեխաների, ծնողների, ուսուցիչների հետ պետք է իրականացնել տեղեկատվական աշխատանք, որպեսզի բոլորն էլ գիտակցեն երեխաների իրավունքների պաշտպանվածության կարևորությունը:
Մանրամասները լսեք մեր նյութում.
Անահիտ Զալալյան