«Տրանսպորտային միջանցքի հավակնություններ ունեցող երկրի համար, երբ տրանսպորտի ոլորտը ՀՆԱ-ում կազմում է ընդամենը 7%, դա բնորոշ է փակուղային երկրներին», – այս մասին հայտարարել է Տրանսպորտային միջանցքի հետազոտական կենտրոնի տնօրեն Պաատա Ցագարեիշվիլին։
Նրա գնահատմամբ՝ բեռնահոսքերի նվազման պատճառը տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում ներդրումների պակասն է։
«Վրաստանում տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում ուղղակի ներդրումներ չեն մտնում։ Եթե 2015-2016 թվականներին արտաքին ներդրումների ընդհանուր ծավալի 35%-ը բաժին էր ընկնում տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտին, ապա վերջին տարիներին այդ ցուցանիշը նվազել է մինչև 4-5%։
Վրաստանի երկաթուղին տրանսպորտային միջանցքի ողնաշարն է, և բեռների գեներացիան պետք է կատարվի հենց դրա միջոցով։ Սակայն, եթե խոսենք ներդրումների մասին, վերջին 5-6 տարիների ընթացքում Վրաստանը գտնվում է BB մակարդակում, ինչը համապատասխանում է «աղբային» պարտատոմսերի մակարդակին։ Համեմատության համար՝ մեր հարևան Ադրբեջանը ներդրումային գրավչության առումով երեք աստիճանով ավելի բարձր դիրքում է։ Երկաթուղու վարկանիշը երկար ժամանակ է, ինչ նվազել է, և այդ պատճառով ներդրողները չեն գալիս այս ուղղությամբ։ Տրանսպորտային հավակնություններ ունեցող երկրի համար տրանսպորտի ոլորտը ՀՆԱ-ում կազմում է 7%, ինչը բնորոշ է փակուղային երկրներին։ Ներդրումների պակասն ու կոռուպցիոն խնդիրները ստիպում են բեռների սեփականատերերին վերադառնալ հին այլընտրանքային ուղղություններին», – նշել է Պաատա Ցագարեիշվիլին։
Նրա խոսքով՝ բարդացել են նաև Վրաստանի ցամաքային ավտոմոբիլային բեռնափոխադրումները։
«Վրաստանի ցամաքային ավտոմոբիլային բեռնափոխադրումները նույնպես բարդացել են՝ թե՛ թույլտվությունների տեսանկյունից, թե՛ եվրոպական տարածք մուտք գործելու առումով։ Վրաստանի նավահանգիստներում նույնպես նվազում է գրանցվել․ 2021 թվականին վերամշակվել է 16.5 մլն տոննա, 2022 թվականին՝ 15 մլն տոննա, իսկ 2023-ին՝ 13.8 մլն տոննա։ Այս նվազումը շատ զգայուն ցուցանիշ է», – հայտարարել է հետազոտական կենտրոնի տնօրենը։