Եվրամիությունը ավելի քան 100 միլիոն եվրո կհատկացնի Վրաստանում հասարակական կազմակերպություններին, ԶԼՄ-ներին և քաղաքացիական հասարակության զարգացմանը աջակցելու համար, ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
Սա այն գումարն է, որը նախատեսված էր Վրաստանի կառավարության ծրագրերի համար և սառեցվել էր ժողովրդավարությունից հետ կանգնելու պատճառով։
«Այսինքն՝ մենք կվերցնենք այս գումարը՝ ավելի քան 100 միլիոնը, և կտրամադրենք քաղաքացիական հասարակության կազմակերպություններին արդար ընտրությունների համար պայքարում նրանց աջակցության համար», – ասել է Բորելը։
Նա կրկնել է, որ ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը կասեցված է այնքան ժամանակ, քանի դեռ Վրաստանի կառավարությունը չի վերադառնա ժողովրդավարական բարեփոխումների ուղի։
«Մինչ այդ մենք կառավարությանն էինք ոտրամադրում գումարներ, բայց այս անգամ այն կօգտագործենք նրանց համար, ովքեր պայքարում են սեփական ճակատագրի համար», – ասել է Բորելը: