Արդեն մի քանի օր է, ինչ Նինոծմինդայում սկսվել են ամանորյա լույսերի տեղադրման աշխատանքները։ Ազատության փողոցի ծառերը գրեթե ամբողջովին փաթաթված են լույսերով՝ քաղաքին տալով ամանորյա շունչ, չնայած որ դեռ նոյեմբեր ամիսն է։
Նինոծմինդայում ամեն տարի մունիցիպալ բյուջեից գումար է հատկացվում քաղաքի ամանորյա լուսավորության, տոնածառի տեղադրման, ինչպես նաև տարբեր զարդարանքներ տեղադրելու և գեղեցիկ միջոցառումներ կազմակերպելու նպատակով։
Պետական գնումների գործակալության էջից տեղեկացանք, որ քաղաքի զարդարման մրցույթը հաայտարարված է, սակայն առաջարկների ընդունումը սկսվում է 30.11.2024 ժամը 00:00-ից, իսկ ընդունման ավարտը` 02.12.2024թ.-ն է։
Մրցույթը հայտարարվել է 28500 լարիի դիմաց։ Ըստ հայտարարված մրցույթի՝ աշխատանքների վերջնաժամկետը կլինի մինչև դեկտեմբերի 25-ը։
Հիշեցնենք, որ անցած տարի ՏԻՄ բյուջեից ամանորյա զարդարանքների ձեռքբերման և տեղադրման համար հատկացվել էր 49 000 լարի։
Տարբեր երկրներում, քաղաքներում ընդունված է Ամանորի նախօրեին զարդարել քաղաքը և ստեղծել հաճելի տրամադրություն։