Խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլիի հայտարարությամբ, նոյեմբերի 25-ին, ժամը 12:00-ին կանցկացվի նոր խորհրդարանի առաջին նիստը։ Օրակարգի առաջին հարցը կլինի 11-րդ գումարման խորհրդարանի անդամների լիազորությունների հաստատումը։
«Ինչպես հայտնի է, նորընտիր խորհրդարանի առաջին նիստը պետք է տեղի ունենա արդյունքների պաշտոնական հրապարակումից ոչ ուշ, քան տասը օրվա ընթացքում։ Բոլորին հայտնի է, և դա բացահայտ է, որ Սալոմե Զուրաբիշվիլին կրկին խախտում է Վրաստանի Սահմանադրությունը և չի նշանակում առաջին նիստը։ Խորհրդարանի առաջին նիստը կանցկացվի նոյեմբերի 25-ին, ժամը 12:00-ին», – նշեց Պապուաշվիլին։
Նրա խոսքով, ԿԸՀ-ն արդեն պատրաստել է ընտրված անդամների ժամանակավոր մանդատները․
«Բոլոր ընտրված անդամները պետք է վերցնեն իրենց ժամանակավոր մանդատները ԿԸՀ-ից։ Նոյեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ից, կսկսվի գրավոր գրանցումը։ Խորհրդարանի նիստերի դահլիճի մուտքի մոտ նոր ընտրված անդամները կգրանցվեն ցուցակների հիման վրա, իսկ ժամը 12:00-ին կսկսվի նոր ընտրված խորհրդարանի նիստը, որը կղեկավարի ամենատարեց անդամը՝ Լադո Կախաձեն», – պարզաբանեց Շալվա Պապուաշվիլին։
Ըստ Պապուաշվիլիի, առաջին նիստի ընթացքում կքննարկվի երեք հիմնական հարց:
«ԿԸՀ-ի նախագահն այս գործընթացի մասն է։ Նրա զեկույցից հետո խորհրդարանը կքննարկի և քվեարկությամբ հաստատում կտա բոլոր 150 պատգամավորների լիազորություններին։ Այնուհետև տեղի կունենա ֆրակցիաների ձևավորում, որը կանցկացվի ընդմիջման ընթացքում։ Ընդմիջումից հետո կքննարկվեն խորհրդարանի նախագահի և նրա տեղակալների թեկնածուները, այնուհետև տեղի կունենա նրանց ընտրությունը։ Հետո կհայտարարվի նոր ընդմիջում, որի ընթացքում կձևավորվեն հանձնաժողովները, իսկ հաջորդ նիստի ընթացքում կընտրվեն հանձնաժողովների ղեկավարները։
Առաջին նիստում կունենանք երեք հիմնական հարց՝ խորհրդարանի և նրա անդամների լիազորությունների հաստատում, նախագահի և տեղակալների ընտրություն և հանձնաժողովների ղեկավարների ընտրություն», – հավելեց նա։
Խորհրդարանի առաջին նիստի ընթացքում քաղաքացիները բողոքարկելու են ընտրությունների արդյունքները։ Նրանք նախատեսում են ցույց անցկացնել խորհրդարանի ետնամուտքի մոտ՝ «Բարձրացրու ձայնդ, վերադարձրու ձայնդ» կարգախոսով։