Ավտոմոբիլային վառելիքի որակի վերահսկումը մնում է մարտահրավեր Վրաստանի համար, ուստի այն պետք է խստացվի, վրացական «Կոմերսանտ» պարբերականին ասել է Վրաստանի նավթամթերք ներմուծողների միության ղեկավար Վախթանգ Իոբաշվիլին։
Վրաստանում վառելիքի որակի վերահսկումը շարունակում է խնդիր մնալ նավթամթերքների շուկայում։ Դա վերաբերում է ինչպես բենզինին, այնպես էլ դիզելային վառելիքին, ինչպես նաև շարժիչային յուղերի և հեղուկ գազի որակին։ Չնայած այն հանգամանքին, որ երկիրն ունի որակի բարձր ստանդարտ, անհրաժեշտություն կա պետական համապատասխան գերատեսչությունների կողմից ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ ցանցերում վաճառվող ապրանքների մշտական մոնիտորինգի:
«Կարևոր է երկրում վառելիքի որակի վերահսկման արդյունավետ համակարգ ստեղծել Վերահսկումը պետք է սկսվի երկրի սահմանից և մշտական համակարգված ստուգումներ իրականացնի ինչպես մանրածախ ցանցում, այնպես էլ բազաներում և բենզալցակայաններում», – ասել է Իոբաշվիլին:
Նրա խոսքով՝ որակի վերահսկման արդյունավետ համակարգը պետք է ընդգրկի Վրաստանի բոլոր շրջանները։ Իոբաշվիլին կարծում է, որ Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության բնապահպանական վերահսկողության վարչությունը մեծ աշխատանք է կատարում այս ուղղությամբ, սակայն անհրաժեշտ է մոնիտորինգի ավելի մեծ ինտենսիվություն և ավելի խիստ վերահսկողություն։
Իոբաշվիլին կարծում է, որ միանվագ տուգանքները բավարար չեն, և նավթամթերք ներմուծողների միությունը պատրաստ է օգնել վարչությանը վառելիքի որակի մոնիտորինգի հարցում։
«Երկիրն ունի Եվրո 5 ստանդարտ, և նրանք ովքեր անորակ ապրանք են վաճառում պետք է զգուշանան, որ չափանիշներին չհամապատասխանելու դեպքում, պատասխանատվության կենթարկվեն»,- ասել է նա։