Նոյեմբերի 5-ին Հովհաննես Մարիկյանը Երևանում Համահայկական գրողների միության նախագահի կողմից ստացել է գրողների միությանն անդամակցելու գրքույկ։ Այժմ ամեն ամիս Հովհաննես Մարիկյանը կմասնակցի Գրողների միության ժողովներին։
Հովհաննես Մարիկյանը մասնակցել է տարբեր գրական միջոցառումների, ժողովների և ստացել պատվոգրեր, շնորհակալագրեր ու դիպլոմներ։
Գեղատեսիլ Ջավախքի գողտրիկ անկյունում է ծվարել Հովհաննես Մարիկյանի ծննդավայրը՝ Հեշտիա գյուղը։ Գյուղի թիվ 1 դպրոցում է սովորել և ավարտել բանաստեղծը։ Բանաստեղծություններ գրել սկսել է դեռևս դպրոցական հասակից։
Առաջին բանաստեղծությունների գիրքը եղել է մոր մասին՝ «Մորս համար» վերնագրով։ Գիրքը տպագրվել է 1998 թվականին, որի խմբագիրը եղել է Մոլիկ Սեդրակյանը։ Այս գրքից հետո հեղինակը որոշ ժամանակ դադար է տվել, սակայն խրախուսական խոսքեր լսելով, կրկին սկսում է գրել, այս ամենի մեջ նաև մեծ դեր է ունեցել իր ընկերական շրջապատը։ Նա նաև դասավանդել է գյուղի դպրոցում։ Մարիկյանը ունի շատ գրքեր՝ ընդհանուր առմամբ տպագրել է 10 գիրք, որոնցից մեկը թարգմանվել է ռուսերեն Խաբարովսկ քաղաքում։
Բանաստեղծը NOR-ի հետ զրույցում ցավով ու հուզմունքով է հիշում իր հետ պատահած մեծ դժբախտության և կորստի մասին՝ որդու մահը։
Որդու կորստից հետո էլ ծնվում են բանաստեղծի հաջորդ գրքերը՝ «Հառաչող ողբերգություն», «Ցավի բողբոջներ» «Կալանված կարոտ» որոնք նվիրվիրում է իր որդուն։ «Կալանված կարոտ» ստեղծագործությունը լույս է տեսնում Երևանի հանրագիտարանում։
Մեկ այլ գիրք՝ «Հարազատ մեղեդի» ստեղծագործությունը տպագրվում է Արմեն և Թաթուլ Ղարսլյանների հովհանու ներքո։
Հովհաննես Մարիկյանի ստեղծագործություններից է նաև «Մայրամուտ» բանաստեղծությունների ժողովածուն, որը խմբագրվել է Ժորա Սնխչյանի կողմից։
Բանաստեղծը Ժորա Սնխչյանի մասին ևս ցավով հիշեց․ «Քանի դեռ նա ողջ էր, մեր շրջանում ամեն ինչ արթուն էր, ամեն ամիս կազմակերպում էր միջոցառումներ, հրավիրում բանաստեղծներին, քննարկումներ կատարում։ Մենք՝ բանաստեղծներս համարվում էինք Վրաստանի վերնատան միության անդամ, որը ևս նրա ջանքերով բացվեց, իսկ հիմա ոչինչ չկա, կարծես թե ամեն բան մոռացության է մատնվել, իսկ եթե բանաստեղծին ուշադրություն չեն դարձնում, մատնում են մոռացության, բանաստեղծի մոտ մեռնում է հետաքրքրությունը»,- ասաց Հովհաննես Մարիկյանը։
Մեր այն հարցին, թե այժմ ընթերցում են բանաստեղծի գրքերը, թե ոչ, Մարիկյանը պատասխանեց, որ ներկայիս սերունդը հետաքրքրված է իր գրքերով և գալիս են գրքերը վերցնում և ընթերցում են։