Նինոծմինդայի գյուղեր տանող որոշ ճանապարհահատվածներ փակ են, որոշները՝ դժվարանցանելի

Նինոծմինդայի գյուղեր տանող որոշ ճանապարհահատվածներ փակ են, որոշները՝ դժվարանցանելի

Ձյան առատ տեղումների և քամու պատճառով Նինոծմինդայի մունիցիպալիտետի որոշ գյուղեր տանող ճանապարհահատվածները դժվարանցանելի են, որոշներն էլ ՝ փակ։

Նինոծմինդայից դեպի Հեշտիա, Ղաուրմա, Թորիա, ՈՒջմանա, Փոքր Խանչալի տանող ճանապարհահատվածները դժվարանցանելի են, իսկ Գանձա, Փոկա տանող ճանապարհահատվածները փակ են։

Ավելի ուշ ճանապարհները մաքրող մեքենաները սկսեցին աշխատել Հեշտիայի ուղղությամբ։

Երեկ` նոյեմբերի 27-ի երեկոյան, Փոքր Խանչալի գյուղի բնակիչը դիմել էր NOR ռադիոկայանի խմբագրություն՝ լուսաբանելու Փոքր Խանչալի գյուղ տանող ճանապարհի վիճակի մասին։ Բնակիչը նշում էր, որ ճանապարհը գտնվում է ահավոր վատ վիճակում: Այս պահին էլ փոխանցում են, որ ճանապարհը դժվարանցանելի է։

Նշենք նաև, որ Ծալկա-Նինոծմինդա ճանապարհին գործում են սահմանափակումներ։ Առատ ձյան պատճառով Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա (Փարվանայի լեռնանցք) ավտոճանապարհի 94-146 կմ հատվածում կցորդներով և կիսակցորդներով ավտոտրանսպորտային միջոցների երթեւեկությունը ժամանակավորապես սահմանափակ է։

Մյուս տեսակի ավտոմոբիլների տեղաշարժն ազատ է։