Իվանիշվիլին մտադիր չէ նախագահ դառնալ

Իվանիշվիլին մտադիր չէ նախագահ դառնալ

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին մտադիր չէ առաջադրվել նախագահի թեկնածու: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, նա հայտարարել է բրիֆինգի ժամանակ: «Ես մտադիր չեմ նախագահ դառնալ: Նախագահական ընտրություններից հետո, դուք գիտեք, ինչ լիազորություններ եւ գործառույթներ է ունենալու նախագահը: Եվ ընդհանրապես, ես մտադիր չեմ փոխել պաշտոնս, ես կլինեմ այնտեղ, որտեղ պետք եմ իմ ժողովրդին»,-հայտարարել է նա:

Իվանիշվիլին նախագահական ընտրություններում «Վրացական երազանք»-ից նախագահի թեկնածու է առաջարկել խորհրդարանի պատգամավոր, Իրավաբանական հանձնաժողովի նախագահ Վախթանգ Խմալաձեին: Միաժամանակ նա նշել է, որ առաջադրման որոշումը կկայացնի կոալիցիան, եւ ինքը հաշվի կնստի իր թիմի կարծիքի հետ:

Իվանիշվիլին նաեւ հայտարարել է, որ իր գլխավորած «Վրացական երազանք» կոալիցիան, որը հաղթել էր հոկտեմբերի խորհրդարանական ընտրություններում, ներկայումս մրցակից չունի:«Ես կոալիցիային կոչ եմ արել ուժեղացնել ներքին մրցակցությունը` միակուսակցական խորհրդարան չունենալու համար: Ազգային շարժման վերադարձի ոչ մի վտանգ չկա», – ասել է Իվանիշվիլին:
Վարչապետը նշել է, որ նախագահի կողմից խորհրդարանի լուծարման եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակման դեպքում կոալիցիան պատրաստ է մասնակցելու դրան, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:
Հիշեցնենք, որ Վրաստանի Սահմանադրության մեջ արված փոփոխությունների համաձայն՝ նախագահի երդման արարողությունից հետո, որին կընտրեն 2013թ., երկրում իշխանությունը փաստացիորեն կանցնի խորհրդարանին եւ կառավարությանը: Վրաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2013թ. հոկտեմբերին:
NEWS.am



Opinion, pooling and voting