ԱՄՆ-ն դադարեցնում է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերությունը. Պետդեպ

ԱՄՆ-ն դադարեցնում է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերությունը. Պետդեպ

«Վրացական երազանք» կուսակցության տարբեր հակաժողովրդավարական գործողությունները խախտել են ԱՄՆ-Վրաստան ռազմավարական գործընկերության հիմնական դրույթները. որպես հետևանք՝ Միացյալ Նահանգները դադարեցրել է այս մեխանիզմը. այս մասին ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերի հայտարարության մեջ։

Մեթյու Միլլերը կոչ է արել Վրաստանի կառավարությանը վերադառնալ եվրատլանտյան ուղուն, թափանցիկ հետաքննել խորհրդարանական ընտրությունների բոլոր խախտումները և չեղարկել հավաքների և արտահայտվելու ազատությունները սահմանափակող հակաժողովրդավարական օրենքները:

««Վրացական երազանք»-ի՝ ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը կասեցնելու որոշումը հակասում է Վրաստանի ժողովրդին տրված և սահմանադրությամբ ամրագրված խոստումին՝ հետամուտ լինել Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին լիակատար ինտեգրմանը։ Կասեցնելով ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը՝ «Վրացական երազանք»-ը մերժել է Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի հնարավորությունը և Վրաստանն ավելի խոցելի է դարձրել Կրեմլի համար։