Փոկայի փողոցներից մեկի բնակիչները մնացել են առանց լուսավորության, իսկ գյուղի ճանապարհները՝ ձյան գերության մեջ

Փոկայի փողոցներից մեկի բնակիչները մնացել են առանց լուսավորության, իսկ գյուղի ճանապարհները՝ ձյան գերության մեջ

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոկա գյուղի մի շարք բնակիչներ իրենց փողոցում չունեն լուսավորություն։ Խնդրի առնչությամբ NOR ռադիոկայանին է դիմել Փոկա գյուղի բնակիչ Մարտիրոս Քուրքչյանը՝ բողոքելով.

«Մեկ շաբաթ է՝ ինչ մեր փողոցում լուսավորություն չկա, իսկ տեղացած ձյան պատճառով գյուղի փողոցները պատված են ձյան շերտով և անանցանելի են, որն էլ տեղաշարժի խնդիր է առաջացնում բնակիչներիս համար։ Երկու անչափահաս երեխա ունեմ, և այս ճանապարհներին դպրոց տանելը դժվար է»։

Այն հարցին՝ դիմել են, արդյոք այս խնդրով գյուղի ներկայացուցչին, բնակիչը պատասխանեց. «Մի քանի անգամ դիմել ենք, սակայն նա պատասխանել է, որ փողոցների փակ լինելու պատճառով չեն կարող լուսավորությունը վերականգնել»։

Գյուղի փողոցների անանցանելի լինելն էլ մեկ այլ խնդիր է բնակիչների համար։

Պարզելու համար, թե ինչ միջոցներ են ձեռնարկվելու նշված խնդիրների շուրջ՝ NOR ռադիոկայանի լրագրողը հեռախոսազրույց ունեցավ Փոկա գյուղի ներկայացուցիչ Վալերի Ալվանջյանի հետ։

Վերջինս էլ պատասխանեց,- մենք ունենք գիշերային լուսավորություն, երկու տեղ կա, որ հոսանքը խափանվել է, սակայն բքի պատճառով փողոցը փակ է, և չենք կարող վերանորոգել։

Իսկ այն հարցին, թե տվյալ փողոցները երբ են պատրաստվում մաքրել, Վալերի Ալվանջյանը պատասխանեց, որ այդ հարցով դիմենք ուրիշին և անջատեց հեռախոսը։ Իսկ ուրիշ ասելով՝ ում ի նկատի ուներ գյուղապետը, մեզ անհայտ մնաց։