Ասադը որոշել է լքել նախագահի պաշտոնը և երկիրը. Մոսկվան կապի մեջ է սիրիական ընդդիմության բոլոր խմբերի հետ. ՌԴ ԱԳՆ

Ասադը որոշել է լքել նախագահի պաշտոնը և երկիրը. Մոսկվան կապի մեջ է սիրիական ընդդիմության բոլոր խմբերի հետ. ՌԴ ԱԳՆ

Բաշար ալ Ասադի և Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում զինված հակամարտության մի շարք մասնակիցների միջև բանակցությունների արդյունքում Ասադը որոշել է լքել նախագահի պաշտոնը, ինչպես նաև երկիրը՝ ցուցումներ տալով իշխանության փոխանցումը իրականացնել խաղաղ ճանապարհով։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում:

«Ռուսաստանը չի մասնակցել այս բանակցություններին։

Միևնույն ժամանակ, համոզիչ կոչով դիմում ենք ներգրավված բոլոր կողմերին՝ հրաժարվել բռնության կիրառումից և կառավարման բոլոր խնդիրները լուծել քաղաքական ճանապարհով։Այդ կապակցությամբ Ռուսաստանի Դաշնությունը կապի մեջ է սիրիական ընդդիմության բոլոր խմբերի հետ։ Մենք կոչ ենք անում հարգել սիրիական հասարակության բոլոր էթնո-դավանական ուժերի կարծիքը և աջակցում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից միաձայն ընդունված 2254 բանաձևի հիման վրա ներառական քաղաքական գործընթաց հաստատելու ջանքերին», – ասվում է հայտարարությունում:

Դրանում նաև նշվում է, որ Սիրիայում ռուսական ռազմաբազաները բարձր պատրաստվածության վիճակում են: Այս պահին դրանց անվտանգությանը լուրջ վտանգ չի սպառնում։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ի առավոտյան ահաբեկչական խմբավորումների զինյալները մտել են Դամասկոս։ Al Jazeera հեռուստաալիքի փոխանցմամբ՝ կառավարական ուժերը լքել են քաղաքի կենտրոնը։ Զինված խմբավորումները նոյեմբերի վերջին սկսել են լայնածավալ հարձակում սիրիական բանակի դիրքերի դեմ։ Դեկտեմբերի 7-ի երեկոյի դրությամբ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հակառակորդները գրավել են մի քանի խոշոր քաղաքներ՝ Հալեպը, Համա, Դեյր էզ Զորը, Դարաան և Հոմսը։

Դամասկոսը վերահսկողության տակ առնելուց հետո ահաբեկիչները մուտք են գործել Սիրիայի ՊՆ շենք, ինչպես նաև նախագահական պալատի համալիր:

Չնայած ահաբեկիչների առաջնորդ Աբու Մուհամմադ ալ Ջոլանին կարգադրել էր հասարակական և կառավարական գույքի վրա չհարձակվել, սակայն որոշները մտել են Դամասկոսում նախագահ Բաշար ալ Ասադի տուն և թալանել այն, հայտնում է Tasnim գործակալությունը։