Իշխող թիմի որոշմամբ ծխախոտի ակցիզը կբարձրացվի, իսկ խաղային բիզնեսի դեպքում՝ շահութահարկը։ Այս մասին մեծամասնության նիստի ավարտից հետո հայտարարել է «Վրացական երազանքի» գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։
Մամուկա Մդինարաձեի խոսքով, Հարկային օրենքում փոփոխությունները կարևոր են նաև բյուջետային միջոցների ներգրավման տեսանկյունից։
«Իշխող թիմը որոշեց փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքում, բարձրացնել ծխախոտի և IQOS-ի ակցիզը, որը IQOS-ի դեպքում կկազմի 15 թեթրի, իսկ ծխախոտի դեպքում՝ 20 թեթրի։
Շատ կարևոր է նաև, որ խաղերի կազմակերպիչների եկամտահարկը բարձրանա 5%-ով։ Ինչպես բանկերն ունեն շահույթի հետ կապված հարկային կանոնակարգեր, նույնը վերաբերվելու է խաղային բիզնեսին, առցանց կազինոներին:
Էստոնական մոդելի համաձայն՝ այս բիզնեսն ազատված էր նման հարկից։ Որոշակի ռիսկեր պետք է նվազեցնել հատկապես երիտասարդների համար։ Մեկ այլ տիպի լուծում մեզ չտվեց այն արդյունքը, որը մենք ակնկալում էինք։ Նաև բյուջետային միջոցների ներգրավման տեսանկյունից սա շատ կարևոր փոփոխություն է»,- ասել է Մամուկա Մդինարաձեն։