Համո Սահյանի 110-ամյակին նվիրված միջոցառում «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնում

Համո Սահյանի 110-ամյակին նվիրված միջոցառում «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնում

Այսօր` դեկտեմբերի 11-ին, Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային, երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ «Ինձ բացակա չդնեք» վերտառությամբ միջոցառում` նվիրված հայ մեծ գրող Համո Սահյանի 110-ամյակին:

Միջոցառմանը կենտրոնի սաները ներկայացրեցին դասական գրողի ստեղծագործությունները։ Երգչախումբը` Իրինա Քոլյանի գլխավորությամբ կատարեց դասական մի քանի երգեր, որոնց հնչյունները, միաձուլվելով Համո Սահյանի ստեղծագործություններին, ավելի պատկերավոր դարձրին միջոցառումը։

Սաթենիկ Սնխչյանը իր խոսքում նշեց գրքերի կարևորության մասին, որոնք ոգեշնչել և իմաստություն են հաղորդել սերունդներին։

«Գիրքը դարեր շարունակ եղել է մեզ համար կարևոր մի բան, այսօր էլ մարդիկ կան, որ ընթերցողի սեղանին դնում են գրքեր, բայց նրա կարդացողը շատ քիչ է։ Եկեք խոստովանենք, որովհետև ժամանակները կարծես թե մի փոքր հետ են գնացել, սրբել տարել են ազնիվ ու բարի ժամանակների նվիրումը, բայց ասել որ այսօր չկան ընթերցասերներ, ասել որ այսօր չկան գիրք գրողներ, ճիշտ չի լինի։ Մեր գրողները իմաստություն են հաղորդել սերունդներին, ահա թե ինչու մենք հաճախ հիշում ենք մեր գրողներին», – միջոցառման բացման ժամանակ ասաց Սաթենիկ Սնխչյանը։

Միջոցառման ավարտին ելույթ ունեցան նաև Նինոծմինդայի հոգևոր հովիվ տեր Արմաշ քահանա Պողոսյանը և Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մշակույթի, սպորտի ծառայության պետ Լևոն Վարդանյանը։ Նրանք ևս իրենց խոսքում նշեցին գրքի և ընթերցանության կարևորության մասին, ինչպես նաև շնորհակալություն հայտնեցին կրթօջախի սաներին և խմբակների ղեկավարներին միջոցառման կազմակերպման համար։

Միջոցառման հատուկ հյուրը գրող Ալբերտ Իսոյանն էր։ Ներկա էին նաև մշակույթի գործիչներ, ծնողներ։

Նշենք, որ գրական միջոցառումները Նինոծմինդայի մունիցիպալիտետում և այլուր հնարավորություն են տալիս սերունդներին ծանոթանալ անցյալի ու ներկայիս գրական ստեղծագործություններին և ավելացնում են հետաքրքրությունը գրականության նկատմամբ, բացի այդ, կրթում և դաստիարակում են սերունդներին։