Բժշկությունից մինչև լրագրություն. Ելենա Ասլանյանի հազվադեպ օրինակը

Բժշկությունից մինչև լրագրություն. Ելենա Ասլանյանի հազվադեպ օրինակը

Ես հայրիկիս գոհացնելու համար և նրա կատարած աշխատանքը ջուրը չլցնելու համար, դարձա բժիշկ: Ելենա Ասլանյանի պատմությունը։

Ելենա Ասլանյանը ծնվել է 1988 թվականին Նինոծմինդայի շրջանի Մամզարա գյուղում, մանկավարժների ընտանիքում։ Հայրը` Ասլանյան Թեմուրը, մասնագիտությամբ քիմիկ-բիոլոգ է, մայրը` Ղափոյան Ռիտան՝ մաթեմատիկոս։ Ելենայի ծնողները աշխատել են Մամզարայի միջնակարգ դպրոցում և 30 տարվա մանկավարժներ են։

«Մեր ամբողջ ընտանիքը` մայրական և հայրական կողմից բոլորը կրթված, գյուտարար ու գիտնական մարդիկ են»,- ասում է Ելենա Ասլանյանը:

Ելենա Ասլանյանը մասնագիտությամբ բժշկուհի է։  Սակայն բժիշկ դառնալը նրա երազանքը չէր։

«Բժիշկ դառնալը իմ երազանքների մասնագիտությունը չի եղել։ Դա հայրիկիս գերնպատակն էր»,- ասում է Ելենան։

Նա պատմում է, որ դպրոցական տարիներին եղել է մի ժամանակահատված, երբ դպրոցները վատ վիճակում էին, սոցիալ-տնտեսական խորը խնդիրներ կային, գումար չկար, փողը այն ժամանակ կուպոնն էր, և դրանից ելնելով հայրը մեկնել է արտագնա աշխատանքի։ Ելենան այդ ժամանակ վեցերորդ դասարան էր տեղափոխվում և պետք է անցներ կենսաբանություն առարկան։ Հայրը թողել է արտագնա աշխատանքը և վերադարձել ու կրկին աշխատանքի է ընդունվել դպրոցում։ Նա այդպես է վարվել, որ ինքը անձամբ դասավանդի դստերը կենսաբանություն և քիմիա առարակաները, որպեսզի աղջիկը դառնա բժիշկ։

«Ես հայրիկիս գոհացնելու համար և նրա կատարած շխատանքը ջուրը չլցնելու համար, դարձա բժիշկ։ Որպեսզի ես բժիշկ դառնայի, հայրս անգամ փոքր տարիքից էր ինձ պարբերաբար հիշեցնում, որ դու բժիշկ պետք է դառնաս ու այդ մտքերով ես մեծանում էի։ Հետո մի պահ եկավ, որ ես այլևս չուզեցի դպրոց գնալ և ասացի, որ պետք է գնամ սովորելու»։

9-րդ դասարանից Ելենան դուրս է գալիս դպրոցից և մեկնում Երևան։ Երևանում նա ընտրում է դեղագործության բաժինը, որպեսզի մեծ բազա ունենա և բժիշկ սովորելու ընթացքում իրեն ավելի հեշտ լինի։

«2005 թվականին ընդունվել եմ Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջի ութի բազայի դեղագործական բաժինը։ 3 տարում բացարձակ գերազանց առաջադիմությամբ ավարտել եմ քոլեջը՝ որպես դեղագործ-մասնագետ։ Հետո շարունակել եմ բժշկական համալսարանի թերապիայի բաժինը»:

2007 թվականին Ելենան ընդունվել է Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանը և ավարտել 2011 թվականին։ Ավարտելուց հետո վերադարձել է հայրենիք։  Ելենան ամուսնացել է դեռևս ուսանողական տարիներին։ Այդ ժամանակ նա 5-րդ կուրսում է եղել։ Նրա ամուսինը` Արտյոմը, Դիլիֆ գյուղից է։

Չորս տարի ընդմիջումից հետո` 2015 թվականին, Ելենայի ամուսինը որոշում է, որ կինը պետք է գնա շարունակի օրդինատուրան։ Ամուսնու և ամուսնու ընտանիքի կողմից մեծ աջակցություն է եղել Ելենային, որպեսզի նա շարունակի ուսումը։

«Եվ ես գնացի Երևան։ Ես հույս չունեի, որ պետք է ընդունվեմ, հանձնեցի քննություն և ընդունվեցի օրդինատուրան, ուրախությանս չափ ու սահման չկար։ Այդ ժամանակ երեխաներս փոքր էին։ Ես դասախոսներիս հետ պայմանավորվում էի, որ պրակտիկաս անցկացնեի Նինոծմինդայի կլինիկայում, որպեսզի մոտ լինեի ընտանիքիս, երեխաներիս»,-ասում է բժշկուհին:

Երկու տարի սովորելուց հետո, 2017 թվականին, Ելենան ավարտում է օրդինատուրան և կրկին վերադառնում հայրենիք։ Նա չի ցանկացել մնալ Երևանում, միակ նպատակը իր ժողովրդի հետ աշխատելն էր և 2019 թվականին ընդունվում և սկսում է աշխատել «Բժշկական հոլդինգում» որպես գյուղական բուժքույր` Դիլիֆ-Մամզարա գյուղերում։ Այդ ընթացքում Ելենան հասցնում է ձեռք բերել ժողովրդի սերն ու հարգանքը, ինչի համար շնորհակալ է բոլորից։  Մի քանի տարի աշխատելուց հետո՝ արդեն այս տարի՝ 2024 թվականի հոկտեմբերի 1-ին ընդունվում է Նինոծմինդայի «էվեքս» կլինիկան` որպես ընդունարանի բժիշկ, թերապևտ և աշխատում է մինչ այժմ։

Ելենան բացի հիվանդանոցից աշխատում է նաև Նինոծմինդայի «Արշալույս» թերթի խմբագրությունում ՝ որպես լրագրող։ Ստեղծագործելը նրա համար հանգստություն է։  Ստեղծագործական ճյուղը գալիս է մորաքրոջից, ով գրող-բանաստեղծուհի է և ապրում է Երևանում։

Ելենայի գրելու ձիրքը նկատել է «Արշալույս» խմբագրության տնօրեն Լուսինե Վարդանյանը։

«Ես ֆեյսբուքում գրառումներ էի կատարում երեխաների հաջողությունների մասին և Լուսինե Վարդանյանը նկատել էր ու մի օր գրեց ու հրավիրեց աշխատելու։ Սկզբում տարակուսանքների մեջ էի, թե ինչպես եմ հասցնելու բժշկության հետ մեկտեղ։ Բայց փորձաշրջան տրամադրեցին ինձ և ամեն ինչ ստացվեց։ 2024 թվականի հունվարի մեկից աշխատանքային պայմանագիր կնքեցի ու ու սկսեցի գրել նյութեր։ Նյութեր մարդկանց և երեխաների հաջողությունների մասին, որ բոլորը իմանան լավի մասին»,-ասում է Ելենան, հավելելով, որ խմբագրությունում աշխատելը իրեն հանգստություն է բերել և երբեք չի հրաժարավի իր այդ աշխատանքից։

Բացի այս ամենից, Ելենան նաև զբաղվում է կազմակերպչական աշխատանքներով։ Սիրում է արարել, ստեղծագործել, այդ իսկ պատճառով համակարգում է պարային խմբերի գործունեությունը։

«Ցանկանում եմ, որ ունենանք կրթված սերունդ։ Տեխնոլոգիաները այսօր բթացնում են երեխաներին, իսկ ես դա չեմ ուզում, ուզում եմ, որ մեր բոլոր երեխաները կրթված լինեն։ Պետք է հետևողական լինել, որպեսզի երեխաները անգործ չմնան, խոսքը ոչ միայն իմ երեխաների մասին է, այլ բոլորի։ 6 տարի պայքար եմ մղել որպեսզի պարի խմբակը գործի։ Երեխաները ասում են ինձ, որ դուք որ չլինեիք մենք ինչ էինք անելու։ Իմ առաջնային նպատակը այժմ երեխաներին կրթելն է»,-ասում է Ելենան և ավելացնում, որ ծնողները սերտ համագործակցում են իր հետ և միշտ կանգնած են իր կողքին։

Այս ամենի հետ մեկտեղ Ելենան զբաղվում է գյուղատնտեսությամբ։ Ամուսինը արտագնա աշխատանքի է և ֆերմայի աշխատանքով ինքն է զբաղվում սկեսրոջ օգնությամբ։

Ի՞նչպես է հասցնում համակարգել այս ամենը բժշկուհին, բուժքույրը, լրագրողը, կազմակերպիչը և տնային տնտեսուհին։ Ելենան բացահայտեց ժամանակի մեջ տեղավորվելու գաղտնիքը.

«Ես ունեմ ժամային գրաֆիկ և այն գրում է սկեսուրս։ Այդ հարցով ինքն է զբաղվում։ Գրում է և յուրաքանչյուր օր ու յուրաքանչյուր պահի հիշեցնում, որ այսօր, այս ժամին սա պետք է անես, կամ այս հանդիպումը ունես: Այս գրաֆիկի շնորհիվ հասցնում եմ ամեն ինչ»։

Այս ամենի հետ մեկտեղ Ելենան չի մոռանում մարդկային պարզ ու լավ հարաբերությունների մասին, ամենակարևորը մարդ մնալու մասին. «Երբ մարդկանց լավություն ես անում, և նրանք քեզ օրհնում են, դա արդեն հույս է և հիասթափությանը տեղ չի թողնում։ Երբ դու մասնագետ ես, պարտավոր ես լավ մարդ լինելու։ Առաջինը պետք է որպես մարդ լինես, որ հետո նոր լավ մասնագետ լինես։ Նույնն էլ բժշկության մեջ, ցանկացած հիվանդ ինքը արդեն սթրեսի մեջ է, և գալիս է քեզ մոտ, որ դու լավ բան ասես և այստեղ պետք է պատրաստ լինես, որ գոնե մինիմալ դրական բանը ասես, որպեսզի քեզանից գոհ գնա տուն»։

Ելենա Ասլանյանը այժմ իր ամուսնու հետ ապրում է Դիլիֆ գյուղում եւ ծառայում ժողովրդին: