Աշխատանքային միգրացիան ենթադրում է մարդկանց տեղափոխում մի երկրից մյուսը որոշակի ժամանակահատվածով՝ նյութական ռեսուրսներ ձեռք բերելու նպատակով։ Հարկ է նշել, որ սա լայնածավալ գործընթաց է, որը շատ դեպքերում հիմնված է տնտեսական դժվարությունների և ապրուստի միջոցի բացակայության վրա։ Վրաստանում գործազրկության բարձր ֆոնին, որը շատ հրատապ սոցիալական խնդիր է, նկատելի միտում է երկրից քաղաքացիների զանգվածային արտահոսքը։
Ցավոք սրտի, այս գործընթացի հետևում հաճախ անտեսանելի են մնում այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ երեխաների ծանր հոգեբանական-սոցիալական վիճակը, քայքայված ընտանիքները, կանանց աշխատանքային բեռի ավելացումը և այլն: Նշված հոդվածի շրջանակներում մեր պատասխանողի հետ կփորձենք խոսել գյուղական բնակավայրերում ապրող կանանց աշխատանքային ծանրաբեռնվածության մասին, երբ նրանց ամուսինները տնտեսական դժվարությունների պատճառով ստիպված են արտագնա աշխատանքի մեկնել։
58-ամյա Գայանե Մարիկյանը ապրում է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղում։ Գայանեն կիսվում է այն խոչընդոտների մասին, որոնց հանդիպում են գյուղաբնակ կանայք, երբ նրանց ամուսինները ստիպված են երկար ժամանակով գաղթել ընտանիքի առավելագույն բարեկեցությունն ապահովելու համար:
Գայանեի խոսքով՝ նման պայմաններում կանայք բոլոր մարտահրավերներին միայնակ են դիմակայում: Մասնավորապես, նրանք ոչ միայն «ավանդական» կենցաղային պարտականություններ են կատարում, այլեւ՝ «տղամարդկային» քրտնաջան աշխատանք, որը լրացուցիչ ֆիզիկական մեծ ուժ է պահանջում։ Սա հավելյալ բեռ է կանանց համար թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեբանորեն։
Գայանեն նշում է, որ հոր երկար բացակայությունը ազդում է նաեւ երեխաների հոգեբանական վիճակի վրա։ Երեխաները զրկված են հոր ուշադրությունից և հոգատարությունից, ինչը բացասաբար է անդրադառնում նրանց վարքի և հուզական զարգացման վրա։ «Երեխաները մնում են միայն մոր հետ, և ամբողջ պատասխանատվությունը ընկնում է կնոջ վրա, հատկապես դժվար է, եթե երեխաները փոքր են»,- ասում է Գայանեն։
Երեխաների և ընտանիքի մասին հոգալու հետ մեկտեղ մայրերը ստիպված են զբաղվել նաև ծնողական և ֆինանսական պարտավորություններով, որոնք հաճախ հանգում են էմոցիոնալ այրման: Երեխաների համար հոր արտագաղթը առաջացնում է այնպիսի հոգեբանական խնդիրներ, ինչպիսիք են՝ միայնության զգացումը և վստահության պակասը։
Կանանց առողջությունը երկրորդական է
Գայանեն ընդգծում է, որ գյուղաբնակ կանայք հաճախ իրենք իրենց մոռանում են իրենց բազմաթիվ պարտականությունների պատճառով. Նրանք գործնականում ժամանակ չեն ծախսում սեփական առողջության վրա, բժշկական հետազոտություններ չեն անցնում։ Նրանք նաև ազատ ժամանակ չունեն իրենց մասին հոգալու համար։ «Ֆերմայում և դաշտում աշխատելը, ինչպես նաև ընտանիքի և երեխաների մասին հոգալը տեւում է ամբողջ օրը, իսկ կանայք այլեւս ժամանակ չունեն իրենց համար։ »,- նշում է պատասխանողը։
Գայանեի խոսքով՝ այս կենսակերպը կարող է հանգեցնել առողջական լուրջ խնդիրների, հատկապես տարեց կանանց մոտ։
Ընտանիքի քայքայում և օտարացում
Աշխատանքային միգրացիան կարող է մարտահրավեր լինել նաև ընտանեկան հարաբերությունների համար: Գայանեն նշում է, որ կողակցի երկար բացակայությունը երբեմն հանգեցնում է օտարացման: «Երբ ամուսինները երկար ժամանակ չեն տեսնում միմյանց, կարող է անվստահություն առաջանալ և շփումը դժվարանալ։ Եթե ընտանիքի համար հեռավորությունը չհաղթահարվի, կնոջ և տղամարդու հարաբերությունները կարող են տուժել՝ վտանգելով ընտանիքի ամբողջականությունը»։
Տնտեսական իրականություն և պարտադրված ընտրություն
Չնայած բոլոր դժվարություններին, Գայանեն գիտակցում է, որ աշխատանքային միգրացիան հաճախ գյուղական ընտանիքների միակ ֆինանսական լուծումն է: «Գյուղում աշխատանքը քիչ է, գյուղմթերքի գներն այնքան ցածր են, որ վաճառելով ուղղակի անհնար է ապրել»,- ասում է Գայանեն։
Չնայած աշխատանքային միգրացիան ունի իր «գինը», այն հնարավորություն է տալիս հոգալ ընտանիքի հիմնական կարիքները։ Գայանեի խոսքով, «շատ ընտանիքներ չեն կարողանա հաղթահարել առօրյա ֆինանսական դժվարությունները, նա ընդգծում է, որ իրավիճակը փոխելու համար անհրաժեշտ է բարելավել գյուղական վայրերում տնտեսական պայմանները. տեղական արտադրության զարգացում, գյուղատնտեսական ապրանքների գների բարձրացում՝ արտադրանքի և աշխատատեղերի ստեղծումով»: Միայն դրանից հետո աշխատանքային միգրացիան շատ ընտանիքների համար այլեւս անհրաժեշտ «իրադարձություն» չի լինի։
Նշված հոդվածը պատրաստել են «NOR» ռադիոյի լրագրողները «Ժողովրդավարության հետազոտական կենտրոնի» «Կանանց և աղջիկների հզորացում Վրաստանում» նախագծի շրջանակներում՝ ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ։ «Ժողովրդավարության հետազոտական կենտրոնը» և «NOR» ռադիոն ամբողջությամբ պատասխանատու են հոդվածի բովանդակության համար և հոդվածում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել դոնորի տեսակետների հետ։