Դժվար ճանապարհով, բայց վստահ քայլերով հերոսուհի մայրիկի հետ

Դժվար ճանապարհով, բայց վստահ քայլերով հերոսուհի մայրիկի հետ

Ռոզան մեր այսօրվա ծրագրի հյուրն է, ով կպատմի իր և իր որդու անցած դժվար ճանապարհի մասին։

Վերնագրում նրան կոչել ենք հերոսուհի մայրիկ, ով որդու ապաքինման, լիարժեք մարդ դառնալու և ամուր քայլեր անելու համար գնացել է բազմաթիվ զոհողությունների։ Ռոզան ծնվել և  մեծացել է Նինոծմինդայում, որտեղ և հաճախել է թիվ 1 միջնակարգ դպրոցը, որն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Երևանում  և ունի դեղագործի մասնագիտություն։

Քոլեջն ավարտելուց հետո Ռոզան ամուսնանում է, երբ քսան տարեկան էր և քսաներկու տարեկան հասակում արդեն ծնվում է նրա հրաշք Նոյը։

“Հրաշք ասում էին բժիշկները, որովհետև նրա ծնունդը իսկապես հրաշք էր, նա դեռ չծնված պայքարում էի իր կյանքի համար, այնուվետև ծնվելուց հետո փաստաթղթերում միանգամից դրվեց ախտորոշումը, ցավոք սրտի մեր ժողովրդի ամենամեծ թերացումը վրաց լեզվին չտիրապետելն է, որն էլ խոչընդոտեց մեզ հասկանալ երեխայիս ախտորոշումը,֊ նշեց Ռոզան։

Մայրն այնքանով է եղել հանգիստ, որ ամեն ամիս տարել է Նինոծմինդայի կլինիկա, ստուգվել է երեխան և նայվել են փաստաթղթերը, սակայն նրան ոչինչ չի ասվել, որ անհանգստանալու առիթ կա։

Երեխային դժվարություններով մայրը մեծացնում է, արդեն չորս ամսականում նկատում է խնդիրներ, բայց լռում է, մտածելով, որ գուցե սխալվում է։ Երեխային յոթ ամսական հասակում նոր տանում են Թբիլիսի` զննում են տարբեր մասնագետներ, սկզբում սխալ ախտորոշում է դրվում, մի քանի ամիս հետո կրկին Թբիլիսի, կրկին ստուգումներ և այս անգամ ճակատագրական և բարդ ախտորոշում՝ ՄՈՒԿ (մանկական ուղեղային կաթված):

Ռոզան սկզբից սովորական է արձագանքում, քանի որ գաղափար չի ունենում այս ախտորոշման մասին, այնուհետև որոշում է համացանցում որոնել տեղեկություն, որից հետո Ռոզան ասում է. «Ինձ թվում է՝ ես գժվում եմ, որից հետո զանգեցի քրոջս, ով միշտ իմ լավ ու վատ օրերի ընկերն է եղել »։ Քրոջ սփոփանքը համեմատաբար հանգստացնում է Ռոզային, բայց ասել թե Ռոզան մտահոգ էր, նշանակում է ոչինչ չասել, անգամ տարիներ անց, երբ մասամբ հաղթահարված է խնդիրը և թունելի ծայրին լույս է երևում, միևնույն է՝ մայրը հուզված է, ձայնն էլ դողդոջ։

Սկզբնական շրջանում Ռոզային թվացել է, թե մի քանի պրոցեդուրայից հետո ամեն ինչ կմնա անցյալում, բայց այնինչ մայր ու որդի դեռ երկար ճանապարհ ունեին անցնելու։

Ռոզան պատմում է, որ իրողությանը ռեալ է նայել , երբեք չի թաքցրել և չի քողարկել այն խնդիրները, որոնց դեմ պայքարի մեջ է եղել ճակատ առ ճակատ։ «Իհարկե ամաչելու բան էլ չկա, բայց չգիտես ինչու մեր ժողովրդի մեջ ընդունված է թաքցնել, որ իրենց երեխան խնդիր ունի, ես պարզ ճակատով եմ նայում այս ամենին և հպարտ եմ, որ ունեմ իմ Նոյի նման որդի՝ այսքան խելացի, այսքան բարի, այսքան պայքարող և այսքան լավը և ես չեմ ասում որպես իմ որդու» ,- նշում է Ռոզան։

Նոյը մեծ կամքով է պայքարում ցավոտ պրոցեդուրաներին դեռ մանկուց, որն էլ նրա մայրիկին ավելի պայքարող ու ուժեղ է դարձնում և ստիպում է չհանձնվել ։ Նոյն այսօր ինքնուրույն քայլում է. նրա և մայրիկի բարդ պայքարը անցյալում են, բայց այսօր էլ հիշելիս մայրը նույն սպրումներն է ունենում, և աշխարհի բոլոր երեխաներին խաղաղ մանկություն է մաղթում։

Ռոզան այնպիսի մայր է, որն իր երեխայի համար պատրաստ է ամեն ինչ անել, թե՛ ֆիզիկապես, թե՛ էմոցիոնալ մակարդակում։ Նրա կերպարը համատեղում է ուժ, քաջություն, խելք և անսահման սիրո նուրբ դրսևորումներ։ Նա համառ ու վճռական է, պատրաստ է դիմագրավել ամենաբարդ իրավիճակներին, բայց միևնույն ժամանակ արտահայտում է մոր սերն ու խնամքը, որը մխիթարում է ու աջակցում իր երեխային, հատկապես այնպիսի ծանր պայքարի ժամանակ, ինչպիսին Նոյի առողջական վիճակն է։

Ռոզան միաժամանակ շատ մարդասեր է և շատ բաց, նա չի թաքցնում իր երեխայի խնդիրները հասարակության աչքերից ու պատրաստ է խոսել դրանց մասին, որպեսզի մարդիկ ազատվեն անտեղյակությունից ու լռությունից։ Նա լիովին ընդունում է իր երեխայի ախտորոշումը ու պատրաստ է պայքարելու նրա համար՝ առանց ամաչելու կամ շեղվելու։ Այսինքն՝ Ռոզան մի մայր է, ով չի վախենում ոչ միայն գործնական դժվարություններից, այլև հասարակական կարծիքի ճնշումից՝ ընտրելով անկեղծությունն ու ուժը։

Նա նաև խորը կապ ունի իր երեխայի հետ, ինչի վկան է նրա վերաբերմունքը Նոյի նկատմամբ՝ նա համարում է, որ նույնիսկ դժվարությունների միջից այսպիսի երեխան, ինչպիսին Նոյն է, կարող է լինել խելացի, բարի, պայքարող ու ուժեղ։ Ռոզայի պատմությունը մայրական սիրո ու դժվարություններից ավելի ուժեղ դարձած մարդու մասին է։



Opinion, pooling and voting