Աշխարհի ամենաուժեղ ծանրորդը հայ է. այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը՝ մեկնաբանելով Վարազդատ Լալայանի՝ աշխարհի չեմպիոն դառնալը:
«Պատմության մեջ առաջին անգամ ծանրամարտի գերծանր քաշայինների պայքարում Հայաստանն ունի աշխարհի չեմպիոն։ Վարազդատ Լալայանը իրականացնում է բոլորիս երազանքն ու աշխարհին հերթական անգամ ցույց տալիս, որ ծանրամարտի հայկական դպրոցն աշխարհի ուժեղագույնների թվում է։ Շնորհավորում եմ բոլորիս։ Մեր հաջորդ երազանքն օլիմպիական ոսկին է», – գրել է նա։
Նշենք, որ 2015 թվականից ի վեր գերծանր քաշային կարգում ծանրամարտի աշխարհի չեմպիոնական տիտղոսը անընդմեջ պատկանում էր վրացի մարզիկ Լաշա Տալախաձեին։ Տալախաձեն այժմ հանդիսանում է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր։