Վրաստանի կառավարության վարչակազմը պատասխանել է Էստոնիայի և Լիտվայի կողմից Վրաստանի կառավարության անդամների, «Վրացական երազանքի» պատգամավորների և «դատավորների կլանի» անդամների դեմ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ։ Հայտարարության մեջ նշվում է, որ Վրաստանի կառավարությունը կարող է նաև «պատասխան միջոցներ» կիրառել, սակայն, ելնելով էստոնացի և լիտվացի ժողովուրդների հանդեպ հարգանքից, դա չի անի և մնում է Էստոնիայի և Լիտվայի հետ «միակողմանի բարեկամության ռեժիմում»։
Հայտարարության մեջ ասվում է նաև, որ երկու երկրներն ունեն «ամենասահմանափակ ինքնիշխանություն ողջ ԵՄ-ում, և որոնց կառավարությունները գործում են ոչ թե սեփական ժողովրդի շահերին համապատասխան, այլ օտար վարչակազմի թելադրանքով»։
Նշենք, որ Էստոնիան պատժամիջոցներ է կիրառել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի եւ կառավարության եւս 13 պաշտոնյաների նկատմամբ։ Լիտվան պատժամիջոցներ է կիրառել նաև վարչապետի և Վրաստանի կառավարության 16 ներկայացուցիչների նկատմամբ։
Նախկինում Բալթյան երկրները (Լիտվան, Լատվիան և Էստոնիան) պատժամիջոցներ էին կիրառել օլիգարխի և «Վրացական երազանքի» հիմնադիրի, Վրաստանի ՆԳՆ ղեկավարի և պաշտոնյաների դեմ՝ մարդու իրավունքների խախտման պատճառով պատասխանատվության համար։ Ցուցակը հրապարակել է Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը։