Նինոծմինդայի շուկայի միակ առևտրականը

Նինոծմինդայի շուկայի միակ առևտրականը

Չնայած շատ անգամներ Նինոծմինդա քաղաքի առևտրականներին զգուշացվել է չզբաղվել փողոցային առևտրով, այնուամենայնիվ մարդիկ կրկին շարունակում են փողոցներում տարբեր ապրանքներ վաճառել։

Նինոծմինդայի նորակառույց շուկայում ընդհամենը մեկ առևտրական կա, ով վաճառք է իրականացնում։ Գագիկ Փութուլյանը մոտ երկու տարի է, ինչ տեղափոխվել է նոր շուկա և առևտուրը շարունակում է այստեղ։ Ինչպես բոլորը, այնպես էլ ինքը ժամանակին փողոցում էր իրականացնում առևտուրը, սակայն եթե ընդունված օրենքը չպաշտպաներ, ապա կտուգանվեր։

NOR ռադիոկայանի լրագրողները զրուցեցին Փութուլյանի հետ, և մեր այն հարցին, թե արդյոք կարողանում է իրականացնել առևտուր շուկայում, գնորդներ գալիս են, թե ոչ, Փութուլյանը պատասխանեց․

«Քանի որ օրենքը արգելում էր զբաղվել փողոցային առևտուրով, տեղափոխվեցի այստեղ, նշեմ որ այստեղ ավելի հարմար է, ապրանքը չի փչանում, ավելի տաք է, ինչպես նաև հիգիենիկ, իսկ ովքեր իմ մշտական գնորդներն էին, այստեղ նույնպես գալիս են և ինձանից գնում ապրանք»,- ասաց Գագիկ Փութուլյանը։

Նա նաև նշեց որ օրենքը սահմանեցին, սակայն չկարողացան առևտրականներին մինչև վերջ արգելել փողոցներում կանգնել։

Փողոցային առևտրի արգելքի մասին օրենքը հաստատվել է, սակայն մինչև այսօր օրենքը չի գործում։

Հարկ է նշել, որ դեռ 2020թ. հունվարի 1-ից Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոն հաստատել էր փողոցային առևտրի արգելքի մասին որոշումը։ Ըստ վերջինիս՝ մրգերի, բանջարեղենի և մսամթերքի վաճառքը պետք է իրականացվեր նորակառույց շուկայում, սակայն առևտրականները չեն պատրաստվում տեղափոխվել նորակառույց շուկա։

Նշենք որ Նինոծմինդա քաղաքի նոր շուկան կառուցվել է 2019թ. և գտնվում է հին շուկայի տարածքում: Նոր շուկայում ստեղծված են բոլոր սանիտարահիգիենիկ պայմանները պատշաճ կերպով առևտուր իրականացնելու համար:

Ձմռան ընթացքում Նինոծմինդայի մայթերին դժվարանում է մարդկանց անց ու դարձը, քանի որ մայթերը սառցակալում են և ձյան շերտի պատճառով դառնում են նեղ ու անհարմար։ Այս ամենին գումարվում են մայթերի վրայի փողոցային առևտուրը՝ խանգարելով մարդկանց ազատ տեղաշարժին։

Փողոցային առևտուրը խանգարում է բնակիչների անց ու դարձին։

Հավելենք, որ օրեր առաջ՝  դեկտեմբերի 13-ին, NOR ռադիոկայանի լրագրողները Նինոծմինդայում հարցում անցկացրեցին բնակիչների հետ, թե որքանով է փողոցային առևտուրը խանգարում հետիոտնին։ Բնակիչներից մեկը մեր հետ զրույցում ասաց.«Չնայած նրան որ քաղաքում շուկա կա, բայց առևտրականները շարունակում են առք ու վաճառքը փողոցներում, որը հանցագործություն է։ Ավտոմեքենաները անցնում են, և ապրանքը փոշոտվում է, չի կարելի, շուկա կա, թող գնան շուկայում վաճառեն, մայթերն էլ ազատեն»:

Բնակիչների տարբեր կարծիքները լսեք աուդիոնյութում․

Radio NOR · Որքանով է խանգարում փողոցային առևտուրը և մեքենաների ոչ ճիշտ կայանումը հետիոտներին.MP3

Իսկ որքանով է խանգարում փողոցային առևտուրը տեսանյութում․